Երեքշաբթի, 21 Հունիսի 2022 12:21

ԿԲ-ը պատժամիջոցներ է կիրառել արժութային շուկայում հակամրցակցային վարքագիծ դրսևորած փոխանակման կետերի նկատմամբ

ԿԲ-ը պատժամիջոցներ է կիրառել արժութային շուկայում հակամրցակցային վարքագիծ դրսևորած փոխանակման կետերի նկատմամբ

Արմինֆո.2021 թվականի հոկտեմբերի 5-ից ի վեր տևական ժամանակ ՀՀ արտարժույթի շուկայում նկատվել են հակամրցակցային համաձայնության և գնային չարաշահման դրսևորումներ: Այդ մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:

 

Կենտրոնական բանկի կողմից իրականացված  վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք փոխանակման կետեր, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել են հակամրցակցային համաձայնություն և սահմանել հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի, ՌԴ ռուբլու և եվրոյի մեծածախ առուվաճառքի միասնական փոխարժեքներ: Համաձայնեցված փոխարժեքները հրապարակվել են rate.am տեղեկատվական հարթակում, ինչն ազդել է այլ փոխանակման կետերի գնորոշման վարքագծի վրա՝ հանգեցնելով նշված արժույթների մասով ՀՀ դրամի նկատմամբ փոխարժեքի ոչ օրինաչափ շեղումների: 

 

Արձանագրված խախտումների առնչությամբ համապատասխան փոխանակման կետերի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացման, տուգանքի և լիցենզիայի գործողության ժամանակավոր կասեցման տեսքով։


Նշենք, որ Հայաստանի արժութային մանրածախ շուկայում 2021 թվականի հոկտեմբերից մինչ օրս դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է 13%-ով (միջինը՝ 485 դրամ/1դոլարից), եվրոյի նկատմամբ' 21% - ով (միջինը՝ 563 դրամ/1եվրոյից), ընդ որում, արժեզրկվելով ռուբլու նկատմամբ՝ 6% - ով (միջինը՝ 6,7 դրամ/1ռուբլուց):

 

Հարկ է նշել, որ 2022թ. մարտից ի վեր արժութային շուկայում դիտվող բարձր փոփոխականությունը պայմանավորված էր Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի համալիր, աննախադեպ, մասշտաբային պատժամիջոցներով՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության ֆոնին։ Մասնավորապես, ընթացիկ տարում փետրվարի 24-ից մինչեւ հունիսի 21-ը ներառյալ Հայաստանի մանրածախ արժութային շուկայում ռուսական ռուբլու նկատմամբ դրամն արժեզրկվել է 19 տոկոսով, միջին հաշվով՝ մինչեւ 7,1 դրամ/1ռուբլի: Ընդ որում, տվյալ ժամանակահատվածում դրամն արժեւորվել է ինչպես ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ 12% - ով, մինչև 423 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ՝ 18% - ով , մինչև 445,5 դրամ/1եվրո: