Արմինֆո. Ս/թ հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 20:56-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ 2022-ի ավարտը: Այդ մասին հաղորդել է ՀԱԷԿ մամուլի ծառայությունը:
«ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից 4 օր շուտ։ Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով 380ՄՎտ հզորությամբ՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԷԿ գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սեւիկյանը հաղորդել էր, որ ՊՆՎ-ի շրջանակներում կատարվել են ստանդարտ աշխատանքներ ՝ ուղղված կայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ինչ վերաբերում է շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրին, ապա այս հարցում հիմնական շեշտը դրվել է ռեակտորի գոտու վթարային հովացման համակարգի, ճնշման լրացուցիչ նոր խողովակի ստեղծման վրա։ Նշենք, որ ապրիլի 16-ին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել էր ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում էր իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները. ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ; թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում; թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում; թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում; տուրբագեներատորների միջին վերանորոգում: ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու էին ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները: Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված էին Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները:
Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, ավանդաբար, հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մինչեւ 40 տոկոսը։