Շաբաթ, 25 Հունիսի 2022 18:42

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով չվերթերի իրականացման հնարավորություն չեն տրամադրել

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով չվերթերի իրականացման հնարավորություն չեն տրամադրել

Արմինֆո.Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Այդ մասին հաղորդել է ավիաընկերության մամուլի ծառայությունը:

 

«Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: Նշենք, որ Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

 

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:

Թռիչքի ամսաթվի փոփոխություն; Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում; Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։ Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը», - ասվում է հաղորդագրությունում։

 

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

 

FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը, Լիոնը, Թբիլիսին, Ստամբուլը, Քիշնևը և Սոչին:

 

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:


FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:

 

FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում: