Երկուշաբթի, 27 Հունիսի 2022 17:53
Ալինա Հովհաննիսյան

ԱԶԲ. Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է

ԱԶԲ. Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է

Արմինֆո.Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 27-ին, հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ավստրիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Լյուքսեմբուրգի և Միացյալ Թագավորության երկրների խմբի գործադիր տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ռոսի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ:

 

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության  հաղորդման համաձայն, իր խոսքում նախարար Խաչատրյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցության 15-ամյա հոբելյանը և նշել, որ հատկապես անորոշություններով լի և դժվար կանխատեսելի նոր իրողությունների ժամանակաշրջանում անչափ կարևոր են ԱԶԲ-ի հետ պարբերական հանդիպումները:

 

Ֆիլիպ Ռոսը, անդրադառնալով ԱԶԲ-ի՝ Հայաստանի կառավարության հետ ունեցած բազմամյա համագործակցությանը, նշել է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է և ԱԶԲ-ն պատրաստ է մշտապես աջակցել այստեղ իրականացվող ծրագրերին:

 

Հանդիպմանը կողմերը խոսել են մասնավոր հատվածի զարգացման, հանրային ներդրումների, պետական ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման, ինչպես նաև գործող տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ: 

 

Նշենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից: 2022 թվականի մարտի սկզբի դրությամբ բանկը Հայաստանին տրամադրել է շուրջ  1.6 մլրդ դոլարի վարկեր, դրամաշնորհներ, որոնք ուղղված են եղել տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ, ջրային ոլորտների, ենթակառուցվածքների զարգացմանը և այլն: