Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 15:10
Նաիրա Բադալյան

Հայաստանի կառավարությունը հարկատուի հաշվին կվճարի "Մուլտի գրուպ" կոնցեռնի  մեջ մտնող "Շանգրի Լա" խաղատան հարկային պարտավորությունները

Հայաստանի կառավարությունը հարկատուի հաշվին կվճարի "Մուլտի գրուպ" կոնցեռնի  մեջ մտնող "Շանգրի Լա" խաղատան հարկային պարտավորությունները

Արմինֆո.Հայ հարկատուն իր վրա կվերցնի "Մուլտի Գրուպ" կոնցեռնի կազմի մեջ մտնող "Օնիրա Քլաբ" ("Շանգրի Լա" խաղատունը շահագործող) ընկերության հարկային պարտավորությունները: Հայաստանի կառավարությունը հուլիսի 7-ին որոշում է ընդունել, որի շրջանակներում 4,2 մլրդ դրամ կուղղորդվի "Շանգրի Լա" խաղատան պետական տուրքի վճարմանը:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված՝ 2022 թ. պետբյուջեով «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2020 թ. 3-րդ եռամսյակից սկսած պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում կիրառված սահմանափակումների տնտեսական հետևանքների մեղմացման հանգամանքով:

 

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության շրջանակում պարետի՝ դեռևս 2020 թ. մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, այն վճարվում է եռամսյակային պարբերականությամբ՝ 1 միլիարդ 375 միլիոն դրամ: Ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան 2-րդ անգամ կասեցվել է և, հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, այն դադարեցվել է: Ընկերությունը վիճարկել է նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել: Ի վերջո, Վարչական դատարանն օգուտ ընկերությանը վճիռ է կայացրել:

 

«Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում էլ պետք է վերահաշվարկվեն և զրոյացվեն: Արդյունքում՝ խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թ. երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամ», - ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ «Օնիրա քլաբ»-ի նկատմամբ կառավարությունը որոշել է արտոնություն սահմանել և 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամի տուրքը վճարել նրա փոխարեն։

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը գնում է հաշվանցման մասին: «Այսինքն՝ փաստացի պարտավորութունները զրոյացվում են: Այս ամենը ծագել է ՔՈՎԻԴ-ի հետ կապված կայացված որոշումների և այն բանի արդյունքում, որ ընկերությունը չաշխատելով, ըստ էության, պիտի վճարեր տուրքեր: Ընկերությունն էլ չի համաձայնվել ձևակերպման հետ, հետո դատական մարմինները մեծ մասամբ համաձայնել են ընկերության հետ, բայց եթե մենք հիմա այս կետի վրա կանգնենք, նույն պրցեսի մեջ ենք մտնելու: Այսինքն՝ փակուղին շարունակվելու է: Դատական ակտը մեզ վերադարձրել է այն վիճակին, որից սկսվել է այս ամեն ինչը: Սրա համար երկու տարբերակ կա. կամ պետք է այնպես անենք, որ այս պատմությունը նորից զրոյից կրկնվի, կամ պետք է այս պատմությունը զրոյացնենք: Ընտրել ենք երկրորդ տարբերակը: Հարցի էությունը հետևյալն ՝ մենք հիմա այս որոշմամբ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ընկերությունը զրոյից, մաքուր թերթից, այսպես ասած, սկսելու հնարավորություն ստանա: Սա է մեր որոշումը»,-ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ «Օնիրա Քլաբ» -ը պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերությանը: