
Արմինֆո. Եվրասիական Զարգացման Բանկի և ՀՀ կառավարության միջև 2022թ․ի մարտի 7-ին կնքված համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագիրն իրականացնելու նպատակով ընդունվել է համապատասխան որոշում:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, հիմնավորման համաձայն, ՀՀ կառավարությանը կտրամադրվի 1 719 200 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի իրականացման նպատակով: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացված էներգախնայողության ծրագրի արդյունքում հանրապետության հանրային նշանակության 64 օբյեկտների էներգախնայողությունը միջին հաշվով ավելացել է մոտ 50%-ով։ Ծրագրի արդյունքները հանգեցրել են այս պրոդուկտի մեծ պահանջարկի և ծրագրի ավարտից հետո Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը մշտապես ստանում է բազմաթիվ հայտեր կազմակերպությունների ենթակայության շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման համար։ Ծրագրում ընդգրկվելու նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ստացել է հայտեր հանրապետության մարզերի շուրջ 20 կրթական և առողջապահական հիմնարկություններից: