Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Նուր- Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին:
ՏԿԵՆ ֆեյսբբուքյան էջում զետեղված հաղորդագրության համաձայն, քննարկվել են ԱՊՀ երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության պլանով նախատեսված միջոցառումների ընթացքը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը վերաբերող արդիական հարցեր։
Նիստի ընթացքում ներկայացվել է էլեկտրաէներգետիակական խորհրդի գործադիր կոմիտեի տարեկան հաշվետվությունը, կառուցի գործունեությանն առնչվող այլ հարցեր։
ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինները ներկայացուցիչները:
Հայկական կողմից պատվիրակության կազմում է նաև ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը։
Նշենք, որ միջոցառման շրջանակներում քննարկվել են նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների էներգաանվտանգության տեսանկյունից տեխնոլոգիական ինքնիշխանությանն ու արդյունաբերական կոոպերացիային վերաբերող հարցեր:
Խորհրդի նախագահ Նիկոլայ Շուլգինովի խոսքով ՝ երեք տասնամյակների ընթացքում ձեւավորված ԱՊՀ նորմատիվ-կազմակերպական բազան թույլ է տալիս համատեղ լուծել Համագործակցության երկրների տնտեսական զարգացման, գուծնականում, բոլոր հարցերը: "Ապագան ճյուղային գործընկերությունն է ու համագործակցությունը: Այսօրվա տնտեսաքաղաքական իրողություններում, չնայած երկրների էներգետիկ քաղաքականություններում առկա տարբերություններին, մեզ մերձեցնում է գլխավորը՝ Համագործակցության երկրների անվտանգության ապահովումը, սպառողների հուսալի, մատչելի էներգամատակարարման ապահովման անհրաժեշտությունը, երկրների տնտեսության եւ բնակչության պաշտպանությունը էներգետիկայի ոլորտի սպառնալիքներից ", - ընդգծել է նա: