
Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): Փաթեթը հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով:
«Ինչպես Կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է ՀՀ Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։ Կոմիտեն վերահաստատում է այդ մոտեցումը և քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) գործող օրենսդրության համար նախաձեռնած փոփոխությունների շրջանակներում ակնկալում է բանկային եւ ապահովագրական գաղտնիքների հասանելիություն ստանալ՝ առանց դատարանի որոշման եւ հարկային մարմնի հարցման հիման վրա: Համապատասխան նախագիծը հուլիսի 6-ին ներկայացվել էր հանրության դատին e-draft.am իրավական ակտերի միասնական պորտալում, եւ հուլիսի 14-ին կայքից փաստաթղթի հեռացման պահին քվեարկության 133 մասնակիցներից 123-ը դեմ էին արտահայտվել այդ նախաձեռնությանը։
Նախաձեռնության հեղինակների կարծիքով, այն հնարավորություն կտա առավել պատշաճ, ամբողջական և բազմակողմանի հարկային հսկողություն իրականացնելու և տնտեսական հանցագործությունները բացահայտելու համար, հատկապես՝ ՀՀ ռեզիդենտեների և ոչ ռեզիդենտեների միջև կատարվող գործարքների արդյունքում հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու համար։
Նշվում է, որ հարկային մարմինը համալիր հարկային ստուգումներ ծրագրելիս կամ այդ ստուգումներն իրականացնելիս գրավոր հարցմամբ դիմում է հարկատուին՝ բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող եւ ստուգման ենթակա տեղեկություններ ստանալու նպատակով: Հարկային մարմին բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման կարգը, ձեւը եւ ցանկը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Այն դեպքերում, երբ հարկ վճարողը չի ներկայացնում բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ կամ սահմանված կարգով, ձեւով կամ ցանկով չի ներկայացնում նշված տեղեկությունները, հարկային մարմինը հարցումով դիմում է բանկ կամ ապահովագրական կազմակերպություն՝ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու համար ՝ հարցմանը կցելով պահանջը հիմնավորող փաստաթղթերը: Բանկը կամ ապահովագրական կազմակերպությունը պարտավոր են բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրել օրինական հիմքերի առկայության դեպքում՝ հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, կամ նույն ժամկետում տեղեկացնել հարկային մարմնին այն մասին, որ չի տիրապետում համապատասխան տեղեկատվությանը: