
Արմինֆո.Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստան Իրանի արտահանումը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 21 տոկոսով։ Այդ մասին հաղորդել է «իրան.ռու»-ն՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության (IRICA) ներկայացուցիչ Ռուհոլա Լաթիֆիին:
Ռուհոլա Լաթիֆին հաղորդել է, որ երեք ամսվա ընթացքում Իրանը 74 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան: Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանն ու Հայաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Երեւանում մայիսի կեսերին կայացած առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքում: Փոխըմբռնման հուշագիրը, որն ընդգրկում է տարանցման, տրանսպորտի, ապրանքների փոխանակման դյուրացման, էներգիայի ոլորտում համագործակցությունը, Արաքսի շրջանում շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության զարգացումը եւ սահմանային գետերից աղտոտման հեռացումը, ինչպես նաեւ բժշկական զբոսաշրջությունը, ստորագրվել Է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից, որոնք հանձնաժողովի համանախագահներն են: Ապրիլի վերջին Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզին այցելել էր Հայաստան' բանակցություններ վարելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ' երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման նպատակով: Այցի ընթացքում Խանդուզին հանդիպել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ:
Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Իրանը Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերների եռյակում է։ Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Իրանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 245,7 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 33,7 տոկոսով: Ընդ որում, հայկական ապրանքների արտահանումն իրանական շուկա կազմել է 45,7 մլն դոլար (աճը ՝ 54,7 տոկոս), իսկ իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան աճել է 29,7 տոկոսով ՝ կազմելով 2 00,03 մլն դոլար: