Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022 11:22
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում Wildberries ընկերության ղեկավարության, Մանթաշյան միջազգային բիզնես ակումբի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և այլ բիզնես ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես ասվում է նախարարության պաշտոնական հաղորդագրությունում, հանդիպման ընթացքում Wildberries-ի զարգացման գծով տնօրեն Վյաչեսլավ Իվաշչենկոն անդրադարձել է արտասահմանյան ընկերությունների հետ աշխատելու իրենց փորձին և նշել, որ ներկայում ընկերությունն ունի 19 մլն եզակի գնորդ և մոտ 1 մլն վաճառող։

 

Այս պահի դրությամբ Wildberries-ն ունի պատվերների հանձնման ավելի քան 23,000 կետ, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ ընկերությունն այսօր ներկայացված է: Ներկայում Հայաստանում արդեն գործում է Wildberries ընկերության տեսակավորման կենտրոնը։

 

Հանդիպմանը հաջորդել է մասնակիցների միջև հարց ու պատասխանը, որի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

 

Նշենք, որ Հայաստանում առաջին լոգիստիկ կենտրոնը Wildberries-ը բացել է 2022-ի մայիսին, ինչի շնորհիվ տեղական բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել իրենց ապրանքները վաճառել  "Մարկետփլեյս" մոդելի առցանց հարթակում (վաճառողների սեփական պահեստներից)։ 2020-2021 թթ. ուղղակի վաճառքներ են բացվել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի բիզնեսի ներկայացուցիչների համար։

 

Հիշեցնենք, որ Wildberries-ը Ռուսաստանի խոշորագույն օնլայն-ռիթեյլերն է, որն աշխատում է շուկայում 17 տարի։ Ընկերության ներկայության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի բոլոր տարածաշրջանները, ինչպես նաեւ մի շարք արտասահմանյան երկրներ, որոնց թվում են Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը եւ այլն: Wildberries-ի շրջանառությունը 2021 թվականին աճել է 93 տոկոսով եւ հասել 844 մլրդ ռուբլու: Ամեն օր Wildberries-ում ձեւակերպվում է 4 մլն պատվեր, առցանց-առեւտրի հհարթակի ամսական լսարանը ավելի քան 113 մլն օգտատեր է (MAU):