Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022 16:16
Նաիրա Բադալյան

ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումն արդեն հասանելի է. ՊԵԿ

ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումն արդեն հասանելի է.  ՊԵԿ

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։ 

 

«Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումը ՀՀ ՊԵԿ-ի կողմից փոխանցվելու է ՀՀ կենտրոնական բանկի բաց օֆերտայի մասնակից համապատասխան առևտրային բանկին՝ «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ին կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին։ Վերջիններս ստացված դիմումների հիման վրա ընթացք կտան դիմումում նշված ՀԴՄ-ի անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացմանը», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Հայաստանի կենտրոնական բանկի ԿԲ հասարակայնության հետ  կապերի  ծառայությունը տարածել էր «Անկանխիկ  գործառնությունների մասին»  ՀՀ  օրենքն  ուժի մեջ մտնելու  վերաբերյալ ԿԲ հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում էր. «Ինչպես հայտնի է, ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 

համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության  տարածքում 300 հազար  ՀՀ դրամը  գերազանցող  օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:  Ընդ  որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, 

նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող 

վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։ Անկանխիկ 

են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող 

վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական 

հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:

         

Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը,  մասնավորապես՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Հայաստանի Հանրապետության  Կենտրոնական  բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա,  հանձն են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝  շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։ Հայտնում ենք ձեզ, որ կարող եք դիմել նշված բանկեր համապատասխան ծառայությունները  ստանալու համար:Միաժամանակ այն հարկ վճարողները, ովքեր մինչ օրս չեն ունեցել նման  հնարավորություն, ևս կարող են օգտվել նշյալ համակարգից՝ հնարավորինս նվազագույն սակագներով:

 

Նշյալ տեղեկատվության մասին հարկ վճարողները համապատասխան ծանուցում կստանան նաև ՀՀ  պետական եկամուտների կոմիտեից: Ընդ որում՝ համապատասխան ծանուցումը ստանալուց և սպասարկող բանկի մասին տեղեկանալուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կողմից:

 

Ընդ որում՝ Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկն իր  նորմատիվ  իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների  առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, Կենտրոնական բանկը պարբերաբար վորլուծելու է ՀՀ բանկերի կողմից  գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնելու դրանց  

օպտիմալացման  ուղղությամբ: Շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց սպասվում են  սակագների հետագա վերանայումներ՝ նվազման ուղղությամբ»: