Արմինֆո. Թուրքական ապրանքների մատակարարման արգելքի չեղարկումից հետո հայկական շուկա Թուրքիայի արտահանման ծավալն աճել է 10 անգամ՝ մինչեւ 76 մլն դոլար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Գնահատական տալով թուրքական ներմուծման սահմանափակումները չեղարկելու մասին կառավարության որոշմանը՝ տնտեսագետը նման քաղաքականությունը որակել է անլուրջ։ Նա ընդգծել է, որ լինելով փոքր տնտեսություն ունեցող երկիր, նման որոշումների պատճառով տնտեսությունը ցնցումների է ենթարկվում։ Մասնավորապես, փորձագետը նշել է, որ բազմաթիվ բիզնեսներ թուրքական ներմուծման արգելքի պատճառով լուրջ ներդրումներ են կատարել, այդ թվում ՝ ավելացնելով վարկային բեռը, տեղական արտադրությունը խթանելու համար։
Մանասերյանի կարծիքով՝ արգելքի չեղարկումից հետո թուրքական էքսպանսիան անխուսափելի է՝ բոլոր ապրանքների գծով։ Նա նշել է, որ Թուրքիան ունի լուրջ մրցակցային տնտեսություն, որտեղ գործում են զարգացած եվրոպական, ամերիկյան ընկերությունների մասնաճյուղեր, ի հակակշիռ որի Հայաստանը ներկայացնելու բան չունի։ "Ես արդեն չեմ խոսում արտադրության ծավալների, արժեքի, պետական աջակցության մեխանիզմների մասին: Եվ այս պայմաններում ազգային և տնտեսական անվտանգության մասին չմտածելն անհեռատես է", - ասել է նա։
Ընդ որում, տնտեսագետը չի բացառել Հայաստանի հետագա կախվածությունը թուրքական շուկայից, ինչն այսօր տեղի է ունենում Ռուսաստանի հետ: "Եվ մենք չենք կարող մեր դաշնակցի (ՌԴ - խմբ.) հետ հաղթահարել այդ կախվածությունը, առավել ևս ՝ չունենալով կայացած տեղական արտադրություն", - եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի վերջին, ըստ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների արգելքը դրական եւ բացասական հետեւանքներ է ունեցել։ Որպես դրական գերատեսչությունում նշել են թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև ագրոհատվածում մի շարք նոր կամ ընդլայնվող արտադրությունները:
Սակայն արգելքի գլխավոր բացասական հետեւանքն, ըստ Էկոնոմիկայի նախարարության փորձագետների, եղել է էական ազդեցությունը գնաճի վրա, ինչը, հատկապես, անդրադարձել է լայն սպառման ապրանքների վրա: Նախարարության հաղորդագրության համաձայն, քիչ չեն եղել նաեւ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացման մասին մեր գործարարների դիմումներն ու խնդրանքները: