Արմինֆո. Հայեցակարգային տեսանկյունից՝ բանկային գաղտնիքի, ինչպես նաեւ ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին օրենքներում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որում բանկային գաղտնիքի սկզբունքից փաստացի հրաժարում է տեղի ունենում, անընդունելի է: Նման գնահատական է տվել "Մանթաշյանց" գործարարների միության անդամ, փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նրա հավաստմամբ՝ օրենսդրության մեջ փոփոխությունների ընդունումը, որը, փաստորեն, թույլ է տալիս ոչ դատական կարգով հարկային մարմիններին տեղեկություններ տրամադրել քաղաքացիների դրամական միջոցների մասին, ոչ միայն անբարենպաստ պայմաններ կստեղծի բիզնեսի համար, այլեւ կբացառի մարդկանց տրված սահմանադրական երաշխիքները եւ էապես կնվազեցնի բանկային համակարգի նկատմամբ վստահությունը՝ վտանգներ ստեղծելով նաեւ ներդրողների համար:
"Օրինագիծը ՊԵԿ-ի ձեռքը սուր է դնում, որը մշտապես կախված է լինելու գործարարների գլխին։ Մենք կոչ չենք անում հնարավորություն տալ թաքցնելու հարկերը և կոչ չենք անում դա անել, մենք խոսում ենք միջազգայնորեն ընդունված իրավական երաշխիքների պահպանման մասին, որոնց շնորհիվ տնտեսությունը կկարողանա զարգանալ", - ասել է Սարդարյանը։
Նրա ասելով, մի կողմից, փոփոխությունների ընդունմամբ ՊԵԿ-ի աշխատանքը կհեշտանա, սակայն կշեռքի մյուս նժարին ֆինանսական կայունությունն է, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Ընդ որում, ինչպես նշել է իրավաբանը, բիզնեսը որեւէ առաջարկ չի ներկայացնում մշակված օրինագծի վերաբերյալ, այլ առաջարկում է, պարզապես, հրաժարվել նման նախաձեռնությունից:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը ներկայացրել է Հարկային օրենսգրքում, «Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին> ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ: Նախաձեռնության հեղինակների կարծիքով, այն թույլ կտա իրականացնել առավել ճիշտ, ամբողջական և համակողմանի հարկային վերահսկողություն և բացահայտել տնտեսական հանցագործությունները, հատկապես, ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև գործարքների արդյունքում հարկային պարտավորությունների նվազեցման հանգամանքների վերաբերյալ փաստացի տվյալներ ստանալու մասով:
Օրեր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): «Ինչպես Կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է ՀՀ Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։
Կոմիտեն վերահաստատում է այդ մոտեցումը և քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում: