Ուրբաթ, 5 Օգոստոսի 2022 11:00
Նաիրա Բադալյան

Ում է պետք պարտադիր աուդիտը. Ֆինանսների նախարարությունը հրապարակել է կազմակերպությունների ցանկը

Ում է պետք պարտադիր աուդիտը. Ֆինանսների նախարարությունը հրապարակել է կազմակերպությունների ցանկը

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որոնց համար նախատեսված է հաշվապահական հաշվետվությունների պարտադիր աուդիտ:

 

«2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝

1.hանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները.

2.խոշոր կազմակերպությունները.

3.միջին կազմակերպությունները.

4.խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է.

5.խոշոր խմբերը.

6.միջին խմբերը:

 

Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով (ֆինանսական հաշվետվությունների ամբող­ջական փաթեթը ներառում է ֆինանսական հաշվետվությունների բոլոր ձևերը, այդ թվում` ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություն­ները) հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով սահմանված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն­ների, խոշոր կազմակերպությունների և միջին կազմակերպությունների սահմանումները` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նույնականացվել են 494 կազմակերպություններ, որոնց 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի և հրապարակման. ընդ որում, ցանկը սպառիչ չէ, քանի որ կազմված է ՀՀ ֆինանսների նախարարությունում այս պահի դրությամբ առկա տեղեկատվության հիման վրա:

 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կից ցանկում ներկայացված կազմակերպությունները պարտավոր էին մինչև 2022 թվականի հունիսի 30-ը հրապարակել իրենց 2021 թվականի աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները:

Միաժամանակ հայտնում ենք, որ Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները կարող է հրապարակել՝

1.իր ինտերնետային կայքում կամ

2.http://www.azdarar.am  ինտերնետային կայքում կամ

3.ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև http://www.azdarar.am  ինտերնետային կայքում:

 

Ֆինանսական հաշվետվությունները հրապարակումից հետո առնվազն 5 տարի պետք է պահպանվեն այն կայքում, որտեղ դրանք հրապարակվել են», - ասվում է նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում: