Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022 16:55
Կարինա Մելիքյան

Հայաստանում ծառայությունների ծավալի ծանրակշիռ աճ են արձանագրում ավիաուղիները, հյուրանոցները, բանկերը, վարձակալության եւ լիզինգի հատվածները

Հայաստանում ծառայությունների ծավալի ծանրակշիռ աճ են արձանագրում ավիաուղիները, հյուրանոցները, բանկերը, վարձակալության եւ լիզինգի հատվածները

Արմինֆո. Հայաստանում 2022թ. առաջին կիսամյակում ծառայությունների ոլորտի աճը կտրուկ արագացել է 2,7 տոկոսից մինչեւ 26,9 տոկոս, ինչի արդյունքում ծավալը գերազանցել է 1.1 տրլն դրամը (2.4 մլրդ դոլար): Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն հունիս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների ծավալն աճել է 8% - ով (մեկ տարի առաջ 3.9% - ի դիմաց)՝ կազմելով 226.7 մլրդ դրամ ($536.4 մլն)։

 

Տարեկան աճի նման թռիչք են հրահրել, հիմնականում, մատուցվող ծառայությունների ծավալն զգալիորեն ավելացրած ավիաուղիները, հյուրանոցները, բանկերը, վարձակալության եւ լիզինգի հատվածները: Մնացած գրեթե բոլոր ոլորտներում ևս աճ է արձանագրվել, բայց՝ համեմատաբար համեստ։

 

Մասնավորապես, ավիաուղիների կողմից մատուցված ծառայությունների ծավալը աճել է 2,6 անգամ, հյուրանոցներինը՝ 64,5 տոկոսով, բանկերինը՝ 52,7 տոկոսով, վարձակալության եւ լիզինգի հատվածներինը՝ 51,3 տոկոսով: ՏՏ ոլորտի մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 51.9% - ով: Զբոսաշրջային ֆիրմաներն ու տուրօպերատորները մատուցված ծառայությունների ծավալն ավելացրել են 34,2 տոկոսով, նույնքան աճել է ծառայությունների ծավալը սպորտի, ժամանցի եւ հանգստի ոլորտներում, ծառայությունների փոքր-ինչ  պակաս աճ են արձանագրում բարերն եւ հասարակական սննդի համանման այլ հաստատությունները՝ 31,1 տոկոսով, իսկ խաղատները, որոնք աչքի չեն ընկնում ծառայությունների մեծ ծավալով, դրանք ավելացրել են 70,5 տոկոսով: Ապահովագրական հատվածը ծառայությունների ծավալն ավելացրել է 32,6 տոկոսով։

 

Տրամադրված ծառայությունների ծավալով առաջատար է ֆինանսական հատվածը' 30.1% կամ 341.7 մլրդ դրամ, որից 270.1 մլրդ դրամը ապահովում են բանկերը: Երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտն է՝ 193.3 մլրդ դրամ (17.1%), ընդ որում, հիմնական ծավալը բաժին է ընկնում հեռահաղորդակցության հատվածին (114.3 մլրդ)։ Ծառայությունների ծավալով երրորդ տեղում է տրանսպորտի ոլորտը՝ 133.4 մլրդ դրամ (11.8%) ։ Չորրորդ տեղում է մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը՝ 125.3 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 11.1% - ը)։ Մատուցված ծառայությունների ծավալով առաջատարների հնգյակը եզրափակում է հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտը ՝ 102.2 մլրդ դրամ (9%):

 

Իսկ ծառայությունների աճի առումով առաջատար ոլորտների ծավալներն անհամեմատ ավելի քիչ են. հյուրանոցային բիզնես՝ 20.2 մլրդ, ավիաուղիներ՝ 15.6 մլրդ, վարձակալության և լիզինգի հատված՝ 3.6 մլրդ. Ինչ վերաբերում է բանկերին, ապա դրանք առաջատար են ինչպես մատուցված ծառայությունների ծավալով, այնպես էլ դրանց աճի տեմպերով:

 

Նշենք, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2022 թվականի հունվար - հունիս ամիսներին կազմել է 468,24 դրամ/1դոլար, իսկ հունիսին' 422,69 դրամ/1դոլար: