Արմինֆո.Այս պահի դրությամբ Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները մոտ 70 մլրդ դրամով գերազանցում են նախատեսված ծրագրային ցուցանիշը: Այդ մասին օգոստոսի 18-ին կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդ որում, նրա խոսքով, իշխանություններն այդպես էլ չեն կարողացել լուծել պետական միջոցների ծախսման ցածր արդյունավետության եւ կապիտալ ծրագրերի ողջ ծավալով իրականացման խնդիրը։ Վարչապետը հիշեցրել է, որ ավելի վաղ, հարկերի հավաքման ծրագրային ցուցանիշը գերազանցելու պայմաններում (առաջին կիսամյակում մոտ 60 մլրդ դրամով - խմբ.), կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է 40 մլրդ դրամով ավելացնել կապիտալ ներդրումները ճանապարհաշինության ծրագրերում և ենթակառուցվածքներում:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հաղորդել է, որ արդեն իսկ ստացվել են 25 մլրդ դրամի կապիտալ ծրագրերի իրականացման հայտեր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն, իր հերթին, տեղեկացրել է, որ եթե այս տարի հավանության է արժանացել 74 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի իրականացման 363 հայտ, ապա 2023 թվականի համար արդեն հավանության է արժանացել 111 մլրդ դրամի 446 հայտ: Նախագծերը վերաբերում են ասֆալտապատմանը, ջրամատակարարման ապահովմանը, մանկապարտեզների կառուցմանն ու վերանորոգմանը եւ այլն:
Այսօրվա որոշմամբ կառավարությունը 757 մլն դրամ է հատկացրել 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Այսօրվա դրությամբ իրականացվել է 237 սուբվենցիոն ծրագիր, ընթացիկ որոշմամբ կառավարության հատկացրած միջոցների ընդհանուր գումարը կհասնի մոտ 8 մլրդ դրամի։
Հաստատված պետբյուջեի համաձայն, պետական բյուջեի եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրլն 947,8 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 24,7%), ծախսերը ՝ 2 տրլն 184 մլրդ դրամ կամ ՀՆԱ - ի 27,7% - ը, իսկ դեֆիցիտը ՝ 236,2 մլրդ դրամ: Պետբյուջեի եկամտային հոդվածի առյուծի բաժինը՝ շուրջ 95%, կապահովվի հարկային հավաքագրումների (հարկային եկամուտների եւ պետական տուրքերի) հաշվին. հարկային մուտքերը կկազմեն 1 տրլն 844 մլրդ դրամ՝ 2021 թվականի փաստացի 1 տրլն 586,9 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 22,7% - ի դիմաց (0,3 տոկոսային կետով բարձր է 2020 թվականի ցուցանիշից): Հունիսի 23-ին Հայաստանի կառավարությունը վերանայել է 2022 թվականի հարկային մուտքերի վերաբերյալ իր ակնկալիքները՝ 40 մլրդ դրամով (մոտ 100 մլն դոլարով) բարձրացնելով նշաձողը: