Երկուշաբթի, 22 Օգոստոսի 2022 12:56
Ալեքսանդր Ավանեսով

"Էկոքիմսինթեզ" ընկերությունը մտադիր է ընդլայնել արտադրության ծավալները. Էկոնոմիկայի նախարարություն

"Էկոքիմսինթեզ" ընկերությունը մտադիր է ընդլայնել արտադրության ծավալները. Էկոնոմիկայի նախարարություն

Արմինֆո. Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը օգոստոսի 20-ին այցելել են «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։ 

 

«Էկոքիմսինթեզ» ընկերությունը գործում է 2020 թվականից և մասնագիտացված է դիզվառելիքի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ բարձր որակի դիզվառելիքի, ինչպես նաև գուդրոնի արտադրությամբ։

 

Ինչպես հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը, ընկերության հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ՝ Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը շրջել են ընկերության տարածքով, ծանոթացել գործարանի աշխատանքի ընթացքին և հեռանկարային հնարավորություններին։

Արմեն Հովհաննիսյանի խոսքով ներկայում ընկերության արտադրողականությունն ըստ դիզելային վառելիքի հումքի կազմում է տարեկան մոտ 2000 տոննա, սակայն նպատակ կա ավելացնել արտադրության ծավալները։

 

Ընկերության գործունեության իրականացման արդյունքում ստացվում է երկու տեսակի արտադրանք՝ ծծմբի նվազ պարունակությամբ դիզվառելիք և հիմնական արտադրանքին զուգընթաց՝ ծծմբով հագեցած խտանյութ կամ գուդրոն։

 

Ծծմբազերծման արդիական տեխնոլոգիան իրականացվում է ադսորբցիոն եղանակով՝ ծծումբ պարունակող միացումների օքսիդացում մինչև սուլֆոններ և դրանց հետագա աբսորբում, ինչը հնարավորություն է տալիս բացառել ծծմբական անհիդրիդի արտանետումները դեպի մթնոլորտ։

 

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է պետական աջակցության այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը։

 

Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսության արդիականացման միջոցառմանը, որի շրջանակում ընկերությունները կարող են օգտվել վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումից։

Այցի ավարտին Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերությանը արտադրության ծավալներն ավելացնելու ուղղությամբ։