Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022 17:08
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի և Ռուսաստանի գործարարները 250 հանդիպում են անցկացրել Հայաստանում ՌԴ բազմաոլորտ գործարար առաքելության շրջանակներում

Հայաստանի և Ռուսաստանի գործարարները 250 հանդիպում են անցկացրել Հայաստանում ՌԴ բազմաոլորտ գործարար առաքելության շրջանակներում

Արմինֆո.Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում oգոստոսի 24-26-ը կայացել է ռուսական ընկերությունների բազմաոլորտ գործարար առաքելությունը, որի կազմակերպիչը Ռուսաստանի արտահանման կենտրոնն (АО «РЭЦ») է:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է միջոցառման շրջանակներում կայացած «Ռուսական տեխնոլոգիաների արտահանում՝ Հայաստանի արդիականացման նպատակով. ՏՏ լուծումներ քաղաքային միջավայրի զարգացման և «Խելացի քաղաք»-ի ստեղծման համար» կլոր սեղան քննարկմանը: Կլոր սեղանի ընթացքում անդրադարձ է կատարվել «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման, «Շարժունակությունը որպես ծառայություն» հարթակի, տրանսպորտում ՏՏ և թվային լուծումների, անօդաչու տեխնոլոգիաների, ճանապարհների թվային երկվորյակների, մեծ տվյալների (Big Data) ներդրմանն առնչվող հարցերին:

 

Միջոցառմանը մասնակցել են ռուսական մոտ 40 ընկերություններ այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են՝ ՏՏ-ն, «Խելացի քաղաք»-ը, կրթական արտադրանքը և ուսումնական միջոցները, սննդի և ագրոարդյունաբերական համալիրը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական և նավթային արդյունաբերությունը, երաժշտական սարքավորումները և այլն:

 

Գործարար առաքելության շրջանակներում ռուս արտադրողների և հայաստանյան ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման շուրջ 250 հանդիպումներ են կայացել, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցություն հաստատելու հնարավոր ուղիներն ու ձևաչափերը: