
Արմինֆո. Համաշխարհային բանկը Հայաստանին 26,5 մլն դոլարի վարկ կտրամադրի: Վարկային համաձայնագրերը ստորագրվել են սույն թվականի մարտի 15-ին եւ 18-ին: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով, վարկային ռեսուրսներն ուղղվելու են պետական կառավարման համակարգի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացմանը: Միջոցները տրամադրվելու են Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջոցով: Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության համակարգում բարեփոխումների հետեւողական շարունակումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայությունների թվայնացումը և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը: Նախատեսվում է նաև միջոցներ ուղղել կիբեռանվտանգության բարձրացմանը, պետական տվյալների էլեկտրոնային կառավարման միասնական կենտրոնի ստեղծմանը և հարկային վարչարարության որակի բարձրացմանը:
Փաստաթղթերի վավերացումը կհանգեցնի Հայաստանի համար լրացուցիչ պարտավորությունների, քանի որ վարկը տրամադրվում է լողացող տոկոսադրույքով, որը բաղկացած է Libor վեց ամսվա տոկոսադրույքից, գործող պայմանագրով սփրեդից (4,76% վճարումների յուրաքանչյուր մասնաբաժնի դեպքում): Վարկերը տրամադրվում են վճարումների արտոնյալ ժամանակահատվածով՝ առաջին 14,5 տարիների ընթացքում: Վարկերի գծով առաջին վճարումները կկատարվեն 2037 թվին եւ կավարտվեն 2046 թվականին: Նախատեսվում է նաև, որ Հայաստանը ՀԲ-ին կվճարի վարկի գումարի 0,25% միանվագ միջնորդավճար: