Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022 13:40
Նաիրա Բադալյան

Կառավարությունը մշակել է ավտոշուկաների գործունեության նկատմամբ պահանջներ

Կառավարությունը մշակել է ավտոշուկաների գործունեության նկատմամբ պահանջներ

Արմինֆո.Գործադիրը սահմանել է Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները: Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այն նախատեսված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով:

 

Ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենան մեքենաների առուվաճառքի գործընթացները: «Վերցրել ենք տարբեր երկրների փորձը, փորձել ենք ունենալ քաղաքակիրթ շուկայի պատկեր: Դրա համար սահմանվել են տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, չափից, որը սահմանվել է 5 հեկտար: Սահմանվել է, որ այնտեղ պետք է լինեն բազմաթիվ ծառայություններ՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում հնարավոր լինի ոչ միայն մեքենա գնել, վաճառել, այլ նաև՝ մաքսազերծել այն, տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշներ ստանալ»,-ասել է նախարարը, հավելելով, որ սահմանվել են մի շարք այլ չափորոշիչներ ևս, օրինակ՝ պետք է սահմանվեն շուկա այցելող քաղաքացիների համար հատուկ ավտոկայանատեղիներ:

 

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այն կնպաստի նաև ոստիկանության գերծանրաբեռնվածությունը մի փոքր թեթևացնելուն: