Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2022 15:53
Մարիաննա Մկրտչյան

ՎԶԵԲ ղեկավար. Մենք կարող ենք աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը

ՎԶԵԲ ղեկավար. Մենք կարող ենք աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը

Արմինֆո. Տրանսպորտային կապերը հարց է, որը պետք է քննարկվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։

 

"Այս հարցի լուծումից հետո մենք կարող ենք քննարկել երկու կողմերին համապատասխան ենթակառուցվածքային խնդիրների լուծման հարցում աջակցություն ցուցաբերելու հարցը", - ընդգծել է նա:

 

Ընդ որում, նա նշել է խաղաղության պահպանման կարեւորությունը: "Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Դա կհամապատասխաներ բոլորի շահերին", - հավելել Է ՎԶԵԲ-ի ղեկավարը։

 

Անդրադառնալով ՎԶԵԲ-ի աջակցությանը բնակչության զբաղվածության ոլորտին, ինչպես նաև բիզնեսի զարգացմանը, Օդիլ Ռենո-Բասոն նշել է, որ իր կողմից ներկայացվող կառույցը սերտորեն համագործակցում է միջազգային ֆինանսական կառույցների հետ և պետք է իրականացնի նախագիծը. "Մենք հասկանում ենք, որ տարածքների ականազերծման գործընթացը շարունակվում է: Այսինքն, պետք է ապահովվի լիակատար անվտանգություն։ Դրանից հետո ՎԶԵԲ-ը կարող է դիտարկել ներդրումների հնարավորությունները"։

 

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոն սեպտեմբերի 12-16-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Դա կլինի Ռենո-Բասոյի առաջին այցը տարածաշրջան՝ 2020թ. վերջին պաշտոնը ստանձնելուց հետո։ Սկզբում նա կայցելի Ադրբեջան, այնուհետև՝ Վրաստան և այցը կավարտի Հայաստանում։

 

Այցի նախաշեմին Ռենո-Բասոն վիրտուալ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ: