Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ԱԿԲԱ բանկին տրամադրել է 25 մլն դոլարի ֆինանսական փաթեթ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՄՓՄՁ) հատվածի եւ այն ձեռնարկությունների վարկավորման համար, որոնք ղեկավարում են կանայք: Ինչպես ասվում է ՎԶԵԲ-ի պաշտոնական հաղորդագրությունում, ֆինանսական փաթեթը ստորագրել են ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը եւ ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն, որը երկօրյա այցով գտնվում էր Հայաստանում:
Նշված գումարից 7 մլն դոլար ԱԿԲԱ բանկին տրամադրվել է ՎԶԵԲ EU4Business վարկային ծրագրի շրջանակում' տեղական ընկերությունների մրցունակությունը խթանելու, արտադրողականության բարձրացման, կանաչ տեխնոլոգիաների ներդրման եւ ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացման համար:
Ըստ աղբյուրի, այդ գումարի 70% - ն ուղղվելու է կանաչ ներդրումների ֆինանսավորմանը ' համաձայն ՎԶԵԲ-ի "Անցում կանաչ տնտեսությանը" (https://www.ebrd.com/what-we-do/get.html) եւ ԵՄ "Կանաչ գործարք" մոտեցումների: Եվրոպական միությունը (ԵՄ) լրացնում է այս առաջարկը ՝ տրամադրելով խթանող դրամաշնորհների մինչև 15%-ը և անվճար տեխնիկական աջակցություն՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում:
Այս ներդրումային ծրագիրը, ինչպես նշում է աղբյուրը, աջակցում է ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներում "Տնտեսական եւ ներդրումային ծրագրի" (EIP) իրականացմանը: Իսկ Հայաստանի համար EIP-ի հիմնական առաջնահերթություններից մեկը կայուն, նորարարական եւ մրցունակ տնտեսության խթանումն է' անմիջականորեն աջակցելով մինչեւ 30 հազար ՓՄՁ-ներին Հայաստանում:
Դրա հետ մեկտեղ, հաղորդվում է, որ 4 մլն դոլար կհատկացվի ՎԶԵԲ-ի "Կանայք բիզնեսում" ծրագրի շրջանակներում (https://www.ebrd.com/news/publications/brochures/women-in-business.html), որի նպատակն է բարձրացնել ֆինանսների եւ գիտելիքների մատչելիությունը կին ձեռներեցների համար:
Մնացած 14 մլն դոլարը կօգտագործվի տեղական ՓՄՁ-ների հետագա աջակցության համար եւ կօգնի Բանկին ընդլայնել իր վարկային պորտֆելը: Ֆինանսավորումը հասանելի կլինի ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ դրամով ՝ վարկառուներին պաշտպանելով արժութային ռիսկերից։
Ի լրումն այդ ֆինանսական փաթեթի՝ ՎԶԵԲ-ը ուժեղացնում է նաեւ արտահանողներին եւ ներմուծողներին ցուցաբերվող աջակցությունը' ԱԿԲԱ բանկի համար 8.5 մլն դոլարով ավելացնելով առեւտրային ֆինանսավորման սահմանաչափը ' ընդհանուր ծավալը հասցնելով 12 մլն դոլարի:
"Դա հնարավորություն կտա բավարարել աճող շուկայական պահանջարկը, առաջարկել առևտրային ֆինանսավորում և նվազեցնել առևտրային գործարքների համար ռիսկերը", - ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը նշում է, որ ԱԿԲԱ բանկը հանդիսանում է առաջատար բանկերից մեկը, որը ֆիզիկական անձանց եւ ՓՄՁ սուբյեկտներին առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: Հայաստանի այլ բանկերի շարքում ԱԿԲԱ-ն զբաղեցնում է ակտիվների մեծությամբ 4-րդ տեղը եւ առաջատար է ագրոհատվածի եւ գյուղական վայրերում ՓՄՁ-ների վարկավորման ոլորտում:
Նշենք, որ Հայաստանում իր գործունեության սկզբից ի վեր (1992 թվականից) ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 2 մլրդ եվրո' ՀՀ-ում իրականացնելով 201 նախագիծ: