Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2022 23:31
Ալինա Հովհաննիսյան

Միլանում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը՝ Հայաստանի նորաձևության ոլորտի եւ տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ

Միլանում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը՝ Հայաստանի նորաձևության ոլորտի եւ տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ

Արմինֆո. Սեպտեմբերի 22-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը։

 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը:

 

Եռօրյա միջոցառման շրջանակներում Հայաստանի տեքստիլի և նորաձևության ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայանալ իրենց արտադրանքով, աշխատանքային քննարկումներ ունենալ իտալացի մասնագետների հետ, ինչպես նաև այցելել տեքստիլ ոլորտի գործարաններ, ընկերություններ և ցուցահանդեսներ:

 

Համաժողովի նպատակն է զարգացնել հայ արտադրողների կարողությունները, ինչպես նաև ամրապնդել միջազգային համագործակցությունը:

 

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին տեքստիլ արդյունաբերությունը գրանցել է 40,9 տոկոս աճ՝ գերազանցելով 1,4 մլրդ դրամի ծավալը։