Արմինֆո.Հայաստանում 2023 թվականից կբարձրացնեն պետական ծառայողների աշխատավարձը, բայց կկրճատեն պարգեւավճարների ու հավելավճարների ֆոննդը։ Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Ֆինանսների նախարարի ասելով, 2023 թվականին պետծառայողների աշխատավարձերի բարձրացման համար կհատկացվի լրացուցիչ 21 մլրդ դրամ։ Բանաձեւը, որով հաշվարկվելու է ավելացումը, առաջիկայում վերջնական տեսքի կբերվի եւ կներկայացվի հանրությանը, հավելել է նա:
Այսօր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց համար գործում են հետեւյալ հիմնական մոտեցումները. բազային դրույքաչափի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձը եւ դրանց նկատմամբ որոշակի պարգեւավճարներ, երկրորդ դեպքում սահմանված հավելավճարները գումարվում են բազային դրույքաչափի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձին:
Առաջարկվող նախաձեռնության շրջանակում նախատեսվում է բազային աշխատավարձի բարձրացում՝ 66140 դրամից մինչեւ 83200 դրամ։ Բարձրացումը կֆինանսավորվի այդ թվում՝ պարգեւավճարների և հավելավճարների ֆոնդի վերաբաշխման միջոցով։ Հաջորդ տարվա բյուջեով կկրճատվի նշված ուղղությունների ֆինանսավորումը։
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է նախարարը, կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68 հազարից մինչեւ 75 հազար դրամ բարձրացնելու մասին օրենքի նախագծին:
Նշենք, որ համաձայն նվազագույն աշխատավարձի բարձրացման որոշման նախագծի, եթե նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվի 75 000 դրամ, ապա աշխատաշուկայում կբարձրանա պետական հատվածի 28,7% (77 483 ծառայող) եւ մասնավոր հատվածի 31,5 % (209 723 ծառայող) աշխատավարձերը: Այլ կերպ ասած ՝ աշխատողների 30,7% - ի աշխատավարձը (665 546 մարդ) կավելանա պետական և մասնավոր հատվածներում ։ Իսկ պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսերը տարեկան կավելանան մոտ 15,3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում ՝ մոտ 94,2 մլրդ դրամով ։ Արդյունքում ՝ պետական և մասնավոր հատվածներում աշխատանքի վարձատրության ծախսերն, ընդհանուր առմամբ, կավելանան տարեկան 109,5 մլրդ դրամով։
Նշվում է նաև, որ "Հայաստանի փոխակերպման 2050 ռազմավարությունում" որպես նպատակային ցուցանիշ 2025թ. միջին աշխատավարձը սահմանվել է 237 000 դրամի մակարդակում, իսկ 5 տարի անց միջին աշխատավարձի իրական աճը' 30%: