Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2022 16:34
Ալեքսանդր Ավանեսով

Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով

Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման, թվային բարեփոխումների, սպառողների եւ սննդամթերքի անվտանգության հարցերով, վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ:

 

Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին, նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին, նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով:

 

ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Հայաստանում ընթացող զարգացումները եւ տեղեկացրել, որ մեր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ, ներառյալ՝ արհեստական բանականության եւ կիբեռանվտանգության ուղղություններով:

 

Հակոբ Արշակյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով կա չօգտագործված զգալի ներուժ:

 

Կարեւորվել է ճապոնական ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում, ինչը երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն կընձեռի:

 

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: