Երեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2022 14:47
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը ողջունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս խնդիրները ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունների թվում են:

 

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ևս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա ծրագրերի շուրջ և պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանն այդ ուղղությամբ:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:

 

Նշենք, որ Հայաստանն ԱԷՄԳ -ի անդամ է 1993 թվականից։ ԱԷՄԳ-ը վերահսկողություն է իրականացնում հանրապետությունում գործող միակ միջուկային օբյեկտի նկատմամբ։ Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունն արդյունավետ կերպով զարգանում է ոչ միայն միջուկային էներգետիկայի, այլեւ միջուկային բժշկության եւ երկրի տնտեսության այլ ոլորտներում: