Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի շառայությունը, վարչապետը կարևորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության:
Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է, և «Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին, ձևավորելու երկարաժամկետ համագործակցություն:
Հանդիպմանը քննարկվել են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի գործունեությանը, եկամտաբերությանը, այդ առնչությամբ հանրային իրազեկվածությանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետ Փաշինյանին տեղեկատվություն է ներկայացվել ընթացիկ արդյունքների վերաբերյալ, մտքեր են փոխանակվել միջազգային ֆինանսատնտեսական իրավիճակով պայմանավորված մարտահրավերների և գնաճային զարգացումներին համահունչ արձագանքելու կարևորության շուրջ:
Վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը կարևորում է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին բարձրակարգ ծառայությունների մատուցումը և հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի թափանցիկության, հանրային հաշվետվողականության ավելացմանը, հանրային վստահության բարձրացմանը, կենսաթոշակային բարեփոխման արդյունավետ իրականացմանը:
Հիշեցնենք, որ բազմաստիճան կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014թ. հունվարի 1-ից։ 2018 թվականի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է դարձել 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված քաղաքացիների համար գործում է բաշխիչ կենսաթոշակային համակարգ: Միաժամանակ, 2018թ. հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ, Հայաստանը վերանայել է դրանց գծով ամենամսյա վճարումների չափը. հուլիսի 1-ից ամսական պարտադիր վճարները կազմել են աշխատավարձի 2.5% - ը (աշխատող քաղաքացու կողմից) ՝ նախկին 5% - ի փոխարեն: Համակարգի մասնակցի կուտակային հաշվին պետության կողմից ներդրվել է եւս 7,5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 37 500 հազար դրամ, իսկ ինքնազբաղված անձանց համար՝ 450 հազար դրամ, նախկին 5 տոկոսի, համապատասխանաբար, 25 հազար դրամի եւ 300 հազար դրամի դիմաց: Սակայն, ըստ օրենքի, այդ հարաբերակցությունը 2021 թվականից կրճատվել է քաղաքացիների համար կազմել է 3,5 տոկոս, 2022 թվականին տոկոսադրույքը բարձրացել է մինչեւ 4,5 տոկոս, իսկ 2023 թվականի հունվարից կհասնի 5 տոկոսի:
Ինչպես վերջերս հայտարարել էին "AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT" ՓԲԸ և "C-QUADRAT Ampega Asset Management Armenia" ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման պահից կենսաթոշակային ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է մոտ 6,8-7,7%: