Արմինֆո. Կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն է տվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է դեղերի արտաքին գովազդին: Ներկայում գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազդը, իսկ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են:
Փոփոխությունների նպատակն է ստեղծել հավասար միջավայր գովազդակիր տարբեր ընկերությունների միջև և աջակցել նրանց՝ ավելացնելու եկամտաբերությունը: Նրա խոսքով՝ դա չի ազդի դեղերի գների վրա, քանի որ խոշոր դեղագործական ընկերություններն արդեն հատկացված մարքեթինգային բյուջե ունեն:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Առողջապահության նախարարության ակտիվ մասնակցությունը օրենսդրական այս փաթեթի քննարկմանը և կիրարկմանը՝ նշելով հետևյալը. «Դեղերի տեսակների մասով հասկանալի է՝ որոշակի սահմանափակումներ կան. ամեն դեղ չէ, որ հնարավոր է գովազդել երևի ընդհանրապես, և ոչ միայն արտաքին գովազդի մասին է խոսքը: Բայց, տիկին Ավանեսյան, Առողջապահության նախարարությունը բովանդակության, այսինքն՝ գովազդային տեղեկատվության վրա ազդեցություն ունի՞, որովհետև դա էլ է վտանգավոր հարց»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է միայն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է: Ինչ վերաբերում է բովանդակությանը, նախարարի հավաստմամբ՝ օրենքը սպառիչ տալիս է այն բացառությունները, որոնք չեն կարող ներառվել գովազդի տեքստի կամ նկարի կամ պատկերի շրջանակում: Գովազդը չի կարող հուշել, որ տվյալ արտադրանքը 100 տոկոսով բուժում է, և նման սպառիչ ցանկ կա: Գովազդի թույլտվության վավերապայմանները բավական խիստ են, և դրա տեղադրման համար տնտեսվարողները ստանում են թույլտվություն և՛ տեքստի, և՛ ձևի առումով: Ա. Ավանեսյանը նշել է, որ նախագծերի փաթեթը դեռ քննարկվելու է Ազգային ժողովում, և միայն միասնական ու հավասարակշռված մոտեցման արդյունքում օրենքը վերջնական տեսք կունենա: