
Արմինֆո.Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումը (IFSWF) Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ) շնորհել է ասոցացված անդամի կարգավիճակ։
Լոնդոնում տեղակայված IFSWF-ը սուվերեն/պետական ֆոնդերի ամենահեղինակավոր կազմակերպություններից է, որին անդամակցում է 40 երկրի պետական/սուվերեն ֆոնդ, այդ թվում ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և այլն։ Այս տարի Հայաստանի հետ ասոցացված անդամի կարգավիճակ են ստացել Մալթայի և Մավրիտանիայի սուվերեն ֆոնդերը, իսկ Ինդոնեզիայի սուվերեն ֆոնդը դարձել է լիիրավ անդամ։
Ինչպես հաղորդում է ԱՆԻՖ-ի մամուլի ծառայությունը, ասոցացված անդամակցությունը շնորհվում է մինչև երեք տարի ժամկետով՝ ստեղծման վաղ փուլում գտնվող սուվերեն ֆոնդերին։ Ասոցացված անդամություն ընդունելով՝ ֆոնդը կամավոր կերպով պարտավորություն է ստանձնում աշխատել IFSWF կողմից ստեղծված Սանտիագոյի սկզբունքները ներդնելու ուղղությամբ։ Սանտիագոյի սկբունքներն այս ոլորտում թափանիցկ և հաշվետու գործելաոճի ամենահայտնի կամավոր սկզբունքներ են։
IFSWF-ի նախագահ Օբայդ Ամրանը շնորհավորել է լիիրավ և ասոցացված անդամակցության կարգավիճակ ստացած Ինդոնեզիայի, Հայաստանի, Մալթայի և Մավտիրանիայի ֆոնդերին. «Ոգևորիչ է, որ այսքան նոր ֆոնդեր պատրաստ են աշխատել Սանտիագոյի սկզբունքները ներդնելու ուղղությամբ։ Այս պատրաստակամությամբ նրանք ամրապնդում են սուվերեն ֆոնդերի կառավարման սկզունքներն ամբողջ աշխարհում։ IFSWF-ը լիահույս է այս կազմակերպությունների լիիրավ անդամակցության վերաբերյալ»։
ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը շնորհակալություն է հայտնել IFSWF տնօրենների խորհրդին ԱՆԻՖ-ի հայտը բավարարելու համար։ «Մեզ համար սա պատիվ է և պարտավորություն՝ ձգտելու լիարժեք անդամակցության և Սանտիագոյի սկզբունքների լիարժեք ներդրման։ Սա նաև կարևոր քայլ է Հայաստանի համար, որն ընդգծում է մեր երկրի պատրաստակամությունը՝ ֆինանսական ոլորտում հաշվետվողականության և թափանցիկության լավագույն չափանիշները ներդնելու ուղղությամբ»։
Նշենք, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ստեղծվել է 2019 թվականին՝ Հայաստանի պետական ձեռնարկությունների սեփականության համախմբման և արդյունավետ կառավարման մանդատով։ Հիմնադրամը աջակցում է արտահանման եւ ներդրումների աճին' իրականացման սկզբնական փուլում լայնածավալ նախագծերի համաֆինանսավորում տրամադրելու ճանապարհով: ԱՆԻՖ-ի ներդրումներն ընդգրկում են "խելացի" գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, տրանսպորտային փոխադրումների, ֆինանսական ոլորտի, արեւային էներգետիկայի, առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառները:
Նշենք, որ չնայած թափանցիկության ձգտմանը, ԱրմԻնֆո-ին չի հաջողվել գտնել եւ ծանոթանալ ԱՆԻՖ-ի վերջին տարիների ֆինանսական հաշվետվություններին: