Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) չի մեկնաբանում հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի՝ հայ-վրացական սահմանով անցնելու վերաբերյալ հաղորդումը: Այդ մասին հաղորդել են ՊԵԿ-ից՝ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան։
"Ռուսաստանի Դաշնության իրավասու կառույցների տարածած հաղորդագրության կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն առայժմ պաշտոնական հայտարարություն չի ստացել: Հետևաբար, կոմիտեն որևէ մեկնաբանություն տալ չի կարող ", - ասվում է հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդել էր, որ Հայաստանը Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղու ուղղություններից մեկն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հաղորդել է, թե հաստատվել է վերը նշված բեռնատարի երթեւեկության երթուղին. Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդարի երկրամաս: ԱԴԾ օպերատիվ աշխատակիցների օգնությամբ հաջողվել է պարզել կասկածյալներին, ովքեր կարող էին ահաբեկչություն նախապատրաստել, եւ այն մարդկանց, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնության տարածքում: Ալեքսանդր Բաստրիկինը հավելել է, թե ահաբեկչությանը մեղսակից են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, Ռուսաստանի եւ օտար պետությունների քաղաքացիներ:
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում ավտոմեքենա է պայթել, ինչից հետո այրվել են վառելիքի ցիստեռններ: Կամրջի երկու ավտոուղի փլուզվել է: ՌԴ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը պատկանել է Կրասնոդարի երկրամասի բնակչի, որի բնակության վայրում քննչական գործողություններ են սկսվել։ Քննիչներն ուսումնասիրում են մեքենայի երթուղին։ "ԿՊ"-ի տվյալներով ՝ պայթուցիկ նյութը դրվել է Բուլղարիայի տարածքում գլանափաթեթների մեջ։ Պարբերականը գրում է, թե, նախ, ծովով բեռը փոխադրել են վրացական Փոթի նավահանգիստ, այնտեղից՝ Հայաստան, որտեղ մաքսազերծում է տեղի ունեցել՝ Մաքսային միության կանոններով։ Այնուհետև մեքենան կրկին մուտք է գործել Վրաստան, այնտեղից էլ՝ ՌԴ տարածք "Վերին Լարս" անցակետով։
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Հոկտեմբերի 8-ին, ժամը 16:00-ին, Ղրիմի կամրջի չվնասված հատվածում երթեւեկությունը մասնակիորեն վերսկսվել է: