
Արմինֆո. Մոսկվայում տեղի է ունեցել "Հայաստան-Ռուսաստան. գործարար կապերի հեռանկարները" կլոր սեղանը' նպատակ ունենալով ՌԴ գործարար շրջանակներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները, ՀՀ-ում բիզնես վարելու առավելությունները, ներդրումների համար գրավիչ տնտեսական ոլորտները: Միջոցառման կազմակերպիչը ENTERPRISE ARMENIA հիմնադրամն է՝ Ռուսական արտահանման կենտրոնի և ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես-տոնավաճառում «Հայաստան» տաղավարի հետ համատեղ:
Միջոցառման ընթացքում ENTERPRISE ARMENIA-ի տնօրեն Լևոն Հովհաննիսյանը խոսել է հիմնադրամում մատուցվող ծառայությունների մասին, հույս հայտնելով, որ մոտ ապագայում կազմակերպությունը կնպաստի Հայաստանում ռուսական նոր ընկերությունների գործունեության ընդլայնմանը:
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ վարչության պետ Յուլիա Նեստերչուկը նշել է, որ երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներն ավելի քան հուսադրող են: Այդ կապակցությամբ նա վկայակոչել է պաշտոնական վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, հայկական արտահանման զգալի մասն ուղղվում է ռուսական շուկաներ, իսկ ՀՀ-ում գրանցված ավելի քան 2 հազար ռուսական ընկերություններ ներդրումներ են իրականացրել և բիզնես կապեր են զարգացնում երկու երկրների միջև։
Միջոցառմանը ներկա էր նաև ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ պալատը հավանություն է տվել ՌԴ և ՀՀ ձեռնարկությունների համագործակցության կազմակերպման հեռանկարային փաթեթներին, որոնց թվում են մետրոյի կայանների կառուցումը, ոսկու կոմբինատի արդիականացումը, անասնապահական համալիրի կառուցումը։
Վլադիմիր Պադալկոն հատուկ ուշադրություն է դարձրել ռուս-հայկական փոխգործակցության տրանսպորտային - լոգիստիկ բաղադրիչին, որի խնդիրներն անհրաժեշտ է "ընդլայնել", փոխադարձ հաշվարկներին, Հայաստանի տարածքում ռուսական արտադրության տեղայնացման սուր անհրաժեշտությանը:
Փոխնախագահը խոսել է երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, որոնց թվում արդեն որոշված են դեղագործությունը, նոր տեխնոլոգիաները: Նա նշել է նաեւ տարածքային պալատների աճող հետաքրքրությունը Հայաստանում գործընկերների հետ փոխգործակցության նկատմամբ: Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական-դեսպանորդ Արսեն Առաքելյանը, "Հայաստան" տաղավարի գլխավոր տնօրեն Արտյոմ Մուսայելյանը, ԺՏՆՑ ԱՊՀ երկրների հետ աշխատանքի եւ արտաքին կապերի վարչության պետ Իրինա Յարեմկոն, ՌԴ Տյումենի, Արխանգելսկի մարզերի եւ այլ տարածաշրջանների գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022թ. հունվար-օգոստոսին աճել է 71,7% - ով ՝ մինչև 2.6 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 2 անգամ ՝ մինչև 1.1 մլրդ դոլար, ներմուծման 55,3% աճի դեպքում՝ կազմելով 1.5 մլրդ դոլար: Ռուսաստանն ավանդաբար հանդիսանում է Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը, որի մասնաբաժինը կազմում է 33,8%: