Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022 13:09
Նաիրա Բադալյան

ՊԵԿ-ը հրապարակել է երկակի և (կամ) ռազմական նշանակություն չունեցող ապրանքների ցանկը

ՊԵԿ-ը հրապարակել է երկակի և (կամ) ռազմական նշանակություն չունեցող ապրանքների ցանկը

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում  հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ 

«Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:

Ցանկում ներառված են շուրջ 28 500 ապրանքատեսակներ։ Այսուհետ, ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում կատարելով նշված  ցանկին, այլևս մաքսային մարմիններին չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի և (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հայտարարագրվող ապրանքի մասով տվյալ  ցանկին հղումը հիմք կընդունվի մաքսային մարմինների կողմից՝ միայն տվյալ ապրանքի և ցանկում նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու պարագայում։

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ըստ ուսումնասիրությունների արդյունքների,  անհրաժեշտության դեպքում, երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը պարբերաբար կթարմացվի և կընդլայնվի», - ասվում է ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում։