Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է Հայաստանի պարենային անվտանգության ռազմավարությունը։ Այդ մասին հոկտեմբերի 13-ին Երևանում Պարենի միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա ընդգծել է, որ պարենային անվտանգության ապահովումն այսօր կարեւորագույն խնդիրներից մեկն է, որը հարկավոր է լուծել: "Մենք չենք կարող ասել, որ Հայաստանն այդ առումով գտնվում է իդեալական վիճակում", - ասել է նախարարը, հիշեցնելով, որ տարեսկզբին պարենային անվտանգության սպառնալիքի մակարդակը կտրուկ աճել է՝ տարբեր երկրների կողմից էմբարգո սահմանելու պատճառով:
Նա նշել է, որ այս փուլում համակարգայնորեն մշակվում է պարենային անվտանգության ռազմավարությունը, որի իրականացման արդյունքում Հայաստանի բնակչությունը բավարար քանակությամբ կսնվի: Այդ առնչությամբ նա նշել է առաջիկա վիթխարի ծավալի աշխատանքը։ Սակայն, հաշվի առնելով Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնողականությունը և ակտիվությունը, և կարևորելով բոլոր գործընթացները, նախարարը հույս է հայտնել, որ այդ համատեքստում փոփոխությունները շոշափելի կլինեն արդեն տեսանելի ապագայում։
Միաժամանակ, նա կարեւորել է պարենային անվտանգության ապահովումը կայուն եւ կանաչ տնտեսության զարգացման ապահովմանը զուգընթաց՝ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու: Այս առնչությամբ Քերոբյանը հաղորդել է, որ կառավարությունը մշակում է ծրագրեր, որոնք նպատակաուղղված են գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, ֆերմերների եկամտաբերության բարձրացմանը:
Մասնավորապես, նա նշել է, որ կառավարության այսօրվա նիստում կընդունվի Հայաստանի 4 համայնքներում հողատարածքների խոշորացման ծրագիրը: "Այս բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ կառավարությունը կարևորում է ոչ միայն մշակվող հողերի տարածքների ավելացումը, այլև այն, որ ֆերմերները բավարարված լինեն այդ գործընթացներից ստացված արդյունքներով", - ասել է նախարարը:
Նշենք, որ միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Տիգրան Գաբրիելյանը, Հայաստանում FAO-ի ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեն, Ավստրիական զարգացման գործակալության երեւանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Արտակ Քամալյանը հաղորդել էր, որ Եվրասիական տնտեսական միության երկրներում պահպանվում է ագրոարդյունաբերական համալիրի զարգացման դրական դինամիկան: "Մեր պետությունները սեփական արտադրության հաշվին լիովին ծածկում են հացահատիկի, խոզի մսի, բանջարեղենի եւ կարտոֆիլի, բուսական յուղերի, շաքարավազի եւ ձվի ներքին պահանջները: Նշվում է միայն մրգերի եւ հատապտուղների պակաս", - ասել էր նա, նշելով, որ գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենամթերքի հիմնական տեսակներով ինքնապահովման մակարդակը հասնում է 93 տոկոսի: Իսկ երկրների կտրվածքով, նախարարի խոսքով, ինքնապահովման առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել Բելառուսում (94 տոկոս) եւ Ռուսաստանում (90 տոկոս), որոնց հետեւում են Ղազախստանը (83 տոկոս) եւ Ղրղզստանը (81 տոկոս): Հայաստանում ինքնապահովման մակարդակը կազմում է 73%։