
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նիստը մեկնարկել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացների կարևորությունը։
Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները արդեն իսկ արձանագրել են հաջողություններ՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձեռք բերված համաձայնությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև իրականացվող բեռնափոխադրումների դյուրացման, բեռնափոխադրումների թույլտվությունների քանակի վերանայման, երկրների միջև ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու, «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր։
Համատեղ հանձնաժողովի անդամները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խթանելով երկուստեք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։