
Արմինֆո.Հայաստանում կստեղծվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման բանկ։ Այդ մասին "Buy Armenian" հարթակի 2-րդ ֆորումին բացման խոսքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ Հայաստանում փոքր բիզնես ստեղծելը բավականին հեշտ է, բայց հիմնական խնդիրն այն է, որ այն բավականին դժվար է աճում։ Նախարարի խոսքով՝ դա կապված է մի շարք խոչընդոտների հետ։ Այդ կապակցությամբ, առաջին հերթին, նա նշել է կրթության եւ իրավասությունների անբավարար մակարդակը ։ "Աճի համար պահանջվում են լրացուցիչ գիտելիքներ, հմտություններ, և այստեղ մենք հասկանում ենք, որ կառավարությունը մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացնի ձեռնարկատիրական կրթության զարգացման համատեքստում", - ասել է նա։
Որպես խոչընդոտող այլ գործոններ Քերոբյանը նշել է նաև հարկային համակարգը։ Այդ համատեքստում նա նշել է, որ այսօր բավական դժվար է մարդկանց համոզել, որ հարկման մի համակարգից անցում կատարեն մյուսին։ "Եվ այստեղ մենք ծրագիր ունենք", - նշել է նախարարը, հիշեցնելով, որ Եվրոպայում 40 փոքր ձեռնարկություններից աճում է մեկը, իսկ Հայաստանում 500 միկրոձեռնարկություններից աճում է 1 ձեռնարկություն։
Վերջին եւ կարեւոր խոչընդոտը Քերոբյանը համարել է գործարարների շրջանում հավակնությունների բացակայությունը։ Փոքր բիզնեսը, նրա խոսքով, բավարարվում է փոքր եկամուտով՝ հնարավորինս մեծանալ ձգտելու փոխարեն։ Իսկ ՓՄՁ զարգացման բանկի ստեղծումը, ինչպես պարզաբանել է նախարարը, կօգնի բիզնեսին սկզբնական փուլում ՝ առավել խոցելի շրջանում, որից հետո ավելի հեշտ կլինի հասնել աճի ։ Մասնավորապես, զարգացման բանկում լավ գաղափար ունեցող փոքր բիզնեսը կանցնի ուսումնական փուլ մենթորների, քոուչերի ներգրավմամբ, որից հետո կկազմվի բիզնես-պլան, որը կուղարկվի բանկեր ' մասնակի ֆինանսավորում ստանալու համար, միջոցների մնացած մասն ապահովվելու է ՓՄՁ զարգացման բանկի կողմից: Քերոբյանը հույս է հայտնել, որ կառավարությունն առաջիկայում կընդունի այդ նախագիծը։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է մոտ 27%: Գերատեսչությունը ծրագրում է առաջիկա 5 տարիների ընթացքում այդ ցուցանիշը հասցնել 50 տոկոսի։