
Արմինֆո.Հոկտեմբերի 18-ին Բուլղարիայի «Ալեքսանդր Նևսկու» անվան հրապարակում տեղի է ունեցել պետական այցով Բուլղարիայի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորելու պաշտոնական արարողությունը, որի ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել «Անհայտ զինվորի» գերեզմանին և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։ Այնուհետև Բուլղարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի առանձնազրույցը, ինչին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կարևորել է նախագահ Խաչատուրյանի այցը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը։ Նախագահ Ռումեն Ռադևը նշել է, որ Բուլղարիան հետաքրքրված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ամեն ոլորտում բազմաչափ համագործակցության հետագա ընդլայնմամբ:
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ իր գլխավորած պատվիրակության Բուլղարիայի Հանրապետություն պետական այցը լավագույնս վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին, հարաբերություններ, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա:
Նախագահը նշել է, որ այս տարին նշանավորվում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով և դա լավ առիթ է՝ գնահատելու անցած ուղին, ձեռքբերումները, մատնանշել չօգտագործված ներուժն ու հնարավորությունները և դրանք լիարժեք օգտագործելու պայմաններ ստեղծել։
Հանդիպմանը քննարկվել են հայ-բուլղարական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում։ Նշվել է նաև, որ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ոլորտային համագործակցությունը հարստացնելու լավ հարթակ է:
Կողմերը անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծելով, որ առանց կայուն ու տևական խաղաղություն հաստատելու՝ զարգացում ապահովելը դժվար կլինի։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Բուլղարիայի նախագահները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին հայտարարություն։ Այնուհետև ստորագրվել է Հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ հիմնադրելու մասին հուշագիր․ հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Վահագն Խաչատուրյանը և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո նախագահ Ռադև, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ պետական այցով գտնվել Բուլղարիայի Հանրապետությունում. խորհրդանշական տարում, երբ մենք նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ռադևին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ նաև անկեղծ ու բարեկամական մթնոլորտում մտքերի փոխանակման, նշանակալի հարցերի շուրջ քննարկումների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր համագործակցության հետագա խորացման շուրջ փոխըմբռնման համար: Ես հիշատակեցի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, սակայն պետք է անդրադարձ կատարեմ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության, եղբայրության, փոխադարձ խորը հարգանքի և ըմբռնման դարավոր ավանդույթներին: Մեզ միավորում են ինչպես ընդհանուր արժեքները և մշակութային մտերմությունը, այնպես էլ համատեղ՝ հանուն ազատության և անկախության հերոսական պայքարի պատմության էջերը:
Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել բուլղարական պետությանը և բուլղար ժողովրդին՝ մեր հայրենակիցներին տրամադրած ապաստանի, հոգածության, խաղաղ ապրելու, զարգանալու և միևնույն ժամանակ ազգային ինքնությունն ու դիմագիծը պահպանելու հնարավորության համար:
Շնորհակալ եմ նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ բուլղարական իշխանությունների հոգատար վերաբերմունքի և հայ համայնքին շարունակաբար տրամադրվող աջակցության համար:
Հարգելի՛ գործընկերներ, Մերօրյա Հայաստանը և Բուլղարիան կապված են փոխգործակցության համար անհրաժեշտ միջազգային իրավական արդյունավետ գործիքակազմով, առկա են երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար անհրաժեշտ բոլոր ձևաչափերը և մեխանիզմները:
Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել կայուն քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերություններում գրանցվող հաջողությունների առնչությամբ: Միաժամանակ, կարևորում եմ մեր երկու երկրների՝ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը: Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Բուլղարիայի կայուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը, որի համար մենք շնորհակալ ենք: Բուլղարիան Հայաստանի համար վստահելի գործընկեր է տարածաշրջանի փոխկապակցվածության բարձրացման ոլորտում: Բուլղարիան նաև այն բարեկամական դուռն է, որը բաց է դեպի Եվրոպա հայկական արտադրանքի արտահանման համար: Հայկական կողմը հետաքրքրված է երկու երկրները միավորող ենթակառուցվածքների բարելավմամբ և զարգացմամբ, այդ թվում նաև՝ երկու մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատմամբ: Այդ համատեքստում հաջող օրինակ էր ամառային ամիսներին Երևանից Բուլղարիայի ծովափնյա քաղաքներ ուղիղ չվերթների իրականացումը:
Բարձր եմ գնահատում նաև բուլղարական կողմի աջակցությունը Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման գործընթացին: Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և բազմաթիվ այլ բնագավառներում:
Գոհունակություն եմ հայտնում նաև կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում համագործակցության համապատասխան ծրագրերով հաստատված միջոցառումների, այդ թվում՝ հայաստանցի ուսանողների՝ Բուլղարիայի բուհերում կրթության արդյունավետ կազմակերպման համար:
Վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք նաև նոր ազդակ հաղորդել և՛ խորհրդարանական դիվանագիտությանը, և՛ Տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բուլղարիայի իմ թանկագին բարեկամ և հեռատես պետական գործիչ, միջազգային հեղինակություն վայելող նախագահ Ռադևին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ»:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաեւ Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի հետ:
Գալաբ Դոնևը նշել է, որ հայ և բուլղարացի ժողովուրդներին երկարամյա բարեկամություն է կապում։ Նա իր գոհունակությունն է հայտնել, որ երկու երկրների միջև ձեւավորված են գերազանց հարաբերություններ, կան մեծ հեռանկարներ՝ գիտության, մշակույթի, առողջապահական և այլ ոլորտներում չօգտագործված ներուժն օգտագործելու համար։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի վարչապետին՝ նշելով, որ այս այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նախագահը նաև նշել է, որ երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, ինչպես նաև շեշտել է, որ այս հանդիպումը տեղի է ունենում խորհրդանշական տարում, քանի որ լրանում է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։
ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։
Հայաստանի նախագահը նախօրեին հանդիպել է նաեւ Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ լինելով հարուստ մշակութային ժառանգության կրողներ՝ Հայաստանն ու Բուլղարիան անցած 30 տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցել են հատկապես մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակում փորձի փոխանակմանը, տրանսպորտի, կապի ոլորտներում համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, այդ թվում՝ կայուն զարգացման, «կանաչ» անցման ուղղություններին:
Սոֆիայի քաղաքապետը ուրախությամբ հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Սոֆիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը:
Նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել նաև Սոֆիայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում: