Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2022 12:48
Նաիրա Բադալյան

ԵՄ-ն 33 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին ՆԳՆ ստեղծման եւ ՓՄՁ զարգացման համար

ԵՄ-ն 33 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին ՆԳՆ ստեղծման եւ ՓՄՁ զարգացման համար

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը որոշել է հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» և «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է, որ դրամաշնորհային երկու համաձայնագրերով ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության բյուջեից՝ «ԵՄ-Հայաստան 2021-2027 թվականների բազմամյա ինդիկատիվ ծրագրի» շրջանակում: «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատություններ ունենալու համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված է 10 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով: Մասնավորապես, աջակցությունը կտրամադրվի Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հագեցման մասով, Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, ներառյալ Պարեկային ծառայության ընդլայնման մասով, միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավմանը, այդ թվում հաստատությունների նյութատեխնիկական ապահովման և միգրացիոն քաղաքականության մշակման ու իրականացման կարողությունների հզորացման մասով: Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի նաև Մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանը և նոր՝ 2023-2025 թթ. Գործողությունների ծրագրի մշակմանը, ինչպես նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության խթանման նպատակով:

 

Հաջորդը «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսական համաձայնագիրն է, որով նախատեսված է 23 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը: Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը: Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան, առնվազն 200 միկրո, փոքր և միջին ձեռնարկության կտրամադրվեն դրամաշնորհներ բիզնեսների արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման նպատակով: Թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը: Այս բաղադրիչի ներքո կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների, այդ թվում՝ արոտավայրերի հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնման նախաձեռնությունները:

Ծրագրի շրջանակում կա նաև կրթական բաղադրիչ. կհամաֆինանսավորվի Սիմոնյան կրթական հիմնադրամի, «Թումո»-յի կողմից Գյումրիում խոհարարության և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը: Իսկ երկրորդ բաղադրիչի ներքո աջակցություն կտրամադրվի Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, ոլորտում աշխատակիցների կարողությունների զարգացմանը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և միասնական սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարության մշակմանն ու իրականացմանը, Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը, միասնական սոցիալական ծառայությունների կենտրոնների տեխնիկական հագեցմանը: Թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին:


Փոխվարչապետը նշել է, որ նշված ֆինանսավորման համաձայնագրերի նպատակները բխում են Կառավարության՝ 2021-2026 թթ. ծրագրի ռազմավարական նպատակներից և համահունչ են ծրագրով նախատեսված միջոցառումներին:

 

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նախորդ տարի Եվրամիության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ մինչև 2026 թ. ԵՄ-ն ներդրումային և տնտեսական ծրագրով Հայաստանին 2.4 մլրդ եվրոյի աջակցություն կցուցաբերի և հետաքրքրվել, թե արդյոք նշված ծրագրերը տեղավորվում են այդ շրջանակի մեջ:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ նշված ծրագրերն այդ շրջանակի տրամաբանության մեջ են, նոր բաղադրիչը միայն արդարադատության հատվածն է՝ մարդու իրավունքներ, ոստիկանություն, որը տնտեսական վերականգնման փաթեթով նախատեսված չէ, բայց տեղավորվում է երկկողմ ծրագրերով ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում: Նիկոլ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան, թե փոքր ու միջին ձեռնարկատերերն ինչպես կարող են օգտվել ծրագրից՝ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի կնքումից հետո համատեղ կընտրվի օպերատոր՝ ծրագրի իրականացնող, ապա կհաստատվի իրականացման պլանը: Նշված միջոցառումները պատշաճ կլուսաբանվեն: «Այս պահին երկրորդ համաձայնագրի առաջին բաղադրիչով արդեն կա ընտրված օպերատոր՝ Ավստրիական զարգացման գործակալությունն է, իսկ կրթական բաղադրիչով որպես օպերատոր ընտրված է «Թումո»-ն: Այդ երկու բաղադրիչներով՝ 11.5 մլն եվրո, հանրագումարով արագ առաջ կգնանք: «Թումո»-ն ինքը ծրագիրը կիրականացնի, Ավստրիական զարգացման գործակալության պարագայում վերջնական միջոցառման դիզայնը կավարտենք և երևի մարզպետարանների միջոցով տեղ կհասցնենք», - նշել է փոխվարչապետը:

 

Վարչապետը կարևորել է բովանդակային ու կազմակերպչական հարցերում Կառավարություն-ԵՄ փոխգործակցությունը և անդրադարձել նշված համաձայնագրերի շրջանակում Ոստիկանության բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացի ֆինանսավորման բաղադրիչին: Կառավարության ղեկավարն ընդգծել է. «Պիտի արձանագրեմ, որ Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում մենք արդեն մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը, արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք և թերևս պիտի անցնենք ծրագրի իրականացմանը: Նաև Ոստիկանության բարեփոխումների գործընթացն է մեկնարկել, և վերադառնալով մեր նախորդ նիստերից մեկում արտահայտված մտքին՝ ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մեր առաջիկա նպատակների մեջ, բացի այս վերնագրերի և անվանումների փոփոխություններից, շատ կարևոր է, որ մենք մեզ համար առաջնահերթություն ենք համարում, մասնավորապես, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը: Ստանդարտի մեջ նկատի ունենք նաև աշխատավարձը:

 

Ես խնդիր եմ ձևակերպել, և այս փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև Զինված ուժերում, ըստ էության արդեն բյուջետավորման խնդիրը լուծվել է: Այս բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործողությունը կապված է անվտանգության հետ, մենք պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում, բայց զուգահեռ արձանագրելով, որ դա ինքնաբերաբար տեղի չի ունենալու, այլ ատեստավորման գործընթացի միջոցով, որպեսզի հընթացս համոզված լինենք, որ բարձր աշխատավարձ ստացող մեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համապատասխանում են մեր ակնկալիքներին: Թեման այն չէ, որ մենք հիմա դրանում կասկածում ենք, այլ այն, որ մենք ուզում ենք ստեղծել ինստիտուտ, որտեղ ինքնաբերաբար շատ բան նաև աշխատողների համար կանխատեսելի կլինի: Ինչպես հանրակրթության ոլորտում ենք այդ համակարգն արդեն ձևավորել, մենք պիտի իմանանք, որ կա պետական համակարգ, որը խթանում է և մոտիվացիա է տալիս մեզ համար առանցքային ոլորտի աշխատողներին: Ամենևին էլ պատահական չէ, որ հիմա անընդհատ հանրակրթության, հատուկ կամ անվտանգությամբ զբաղվող ծառայությունների բարեփոխումներն իրար հետ զուգահեռ ենք իրականացնում, որովհետև հանրակրթությունն էլ նույնպես մեր անվտանգության հետ կապված խնդիրներ է լուծում՝ շատ ավելի խորը և շատ ավելի լուրջ: Մեր մյուս ծառայությունների դեպքում էլ համակարգը պետք է աշխատի մոտավորապես հետևյալ կերպ. առաջիկա 3 տարում բոլոր այն աշխատողներն, ովքեր ցանկություն ունեն, կամավոր ատեստավորման գործընթաց են անցնում, որի արդյունքում աշխատավարձերը կրկնապատկվում են, արդեն համակարգ է ներդրվում: 3, թե 5 տարին մեկ անգամ այդ ատեստավորման գործընթացը կրկնվում է՝ զուգահեռ կքննարկենք: Ընդ որում, բարձրանում է ոչ միայն աշխատավարձը, այլև աշխատանքի որակական չափանիշը, որը մենք ակնկալում ենք մեր ուսուցիչներից, մեր ոստիկաններից, մեր հատուկ ծառայությունների ծառայողներից, մեր Զինված ուժերում ծառայող մեր զինծառայողներից»:

 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ներդրվում է ինստիտուցիոնալ համակարգ, որի աշխատանքի չափանիշները պետք է ի սկզբանե սահմանվեն, որպեսզի այն պարբերաբար աշխատի. «Ինչո՞ւ է սա կարևոր, որպեսզի մարդիկ մասնագիտություն ընտրելիս իմանան, թե ինչ սոցիալական ակնկալիք կարող են ունենալ իրենց աշխատանքի ընթացքում, իրենց կարիերան ինչպես պիտի դասավորվի հետագայում: Մենք նաև կարծում ենք, դրանք, իհարկե, աշխատանքային հարցեր են, ինչպես օրինակ, իրավապահ համակարգում՝ քննչական, դատական մարմիններում ունենք առաջխաղացման որոշակի չափանիշներ, նույնը պիտի ունենանք նաև Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում և մեր մյուս ծառայություններում, որպեսզի հենց այնտեղ կադրային որոշակի բանկ ձևավորվի, ղեկավար անձնակազմը ճանաչի իր մարդկային ռեսուրսները, իմանա և գնահատված տեսնի նրանց հնարավորությունները, թե ով ինչպիսի պատասխանատվություն է ի վիճակի վերցնել: Մյուս կողմից, այդ աշխատողները հնարավորություն կունենան ատեստավորման գործընթացում ավելի մեծ պատասխանատվության հայտ ներկայացնել և ապացուցել, որ իրենք ի վիճակի են այդ աշխատանքն անել: Սա գործընթաց է, որը մենք պետք է հետևողական իրականացնենք»:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Կառավարության՝ վերջերս կայացրած որոշմանը, որով երթևեկության կանոնների նկատմամբ արագաչափերի ու տեսախցիկների միջոցով իրականացվող էլեկտրոնային հսկողության համակարգը վերադարձվեց պետական կառավարման ոլորտ, և Ոստիկանությունում ստեղծվեց ՊՈԱԿ, որն էլ կկատարի այդ գործառույթը: «Այս հարցը նաև քաղաքական նրբություն ունի: Ցանկանում եմ ընդգծել հետևյալը. մենք չենք շտապել, այսպես ասած, դա պետականացնել, եթե շատ ժողովրդական լեզվով ասենք: Չնայած քաղաքական բոլոր հասկանալի նրբություններին՝ մենք ամեն ինչ անում ենք, որ տնտեսական դաշտում մեր գործունեությունը մաքսիմալ կանխատեսելի լինի, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն անընդհատ այդ մտավախություններով չապրեն, որ պետությունը կարող է ինչ-որ մի պահի ինչ-որ բան ձեռնարկել: Այսինքն՝ մենք տնտեսական պայմանավորվածությունները, անկախ դրանց էությունից, աշխատում ենք մաքսիմալ պահել, որպեսզի տնտեսական դաշտում կառավարության քաղաքականությունն ավելորդ լարվածություններ չառաջացնի: Այդ նպատակով մենք սպասեցինք, որ նախկին պայմանագիրն ավարտվի և նոր պայմանագրի կնքման մրցույթներ հայտարարեցինք՝ նաև հասկանալու համար, թե որքանով ավելի լավ առաջարկ կարող ենք ստանալ հնարավոր դաշտում: Համոզվելով, որ այս փուլում ավելի լավ առաջարկներ կարծես թե չենք ստանա, կայացրինք այս որոշումը»:

 

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ այսօրվանից երթևեկության կանոնների նկատմամբ արագաչափերի ու տեսախցիկների միջոցով էլեկտրոնային հսկողության գործընթացը 100 տոկոսով անցնում է Ոստիկանության հսկողության ներքո: Նա նաև նշել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ աշխատակիցների 99 տոկոսը՝ 451 աշխատակից, հրամանագրվել է՝ ՊՈԱԿ-ում աշխատանքը շարունակելու համար։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս համակարգի առավելագույնս արդյունավետ աշխատանքը՝ նշելով, որ որոշ ժամանակ անց արդյունքները կամփոփվեն և կքննարկվեն երկարաժամկետ կտրվածքով հետագա անելիքները:

 

Երկրի վարչապետը, ամփոփելով Եվրամիության հետ համագործակցության թեման, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մեկնարկին: «Ցանկանում եմ արձանագրել և ողջունել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, ինչպես գիտեք, արդեն աշխատում է, և դա լուսաբանվում է։ Նաև հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան, և ի սկզբանե պլանավորված է, որ 2 ամիս պետք է աշխատի։ Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դարձնել մշտական։ Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում դա թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկվում է, և եթե տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը», - նշել է Նիկոլ Փաշինյանը: