Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2022 14:14
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Բուլղարիան մտադիր են զարգացնել համագործակցությունը տիեզերական գործունեության ոլորտում

Հայաստանն ու Բուլղարիան մտադիր են զարգացնել համագործակցությունը տիեզերական գործունեության ոլորտում

Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Վահագն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։

EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված ծառայության՝ թույլ տալով ակնթարթային մուտք և գործարքներ դեպի ամպի վրա գտնվող տիեզերական տվյալներ՝ ուղեծրի հարյուրավոր սենսորների միջով: Ընկերությունում կարծում են, որ այս ամենին կարող են հասնել արբանյակային եզակի տեխնոլոգիայի և հզոր ինժեներական թիմի շնորհիվ։ EnduroSat-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռայչո Ռայչևը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, ինչպես նաև այն նախագծերը, որոնց վրա ներկայումս աշխատում են իր գլխավորած ընկերության մասնագետները։

Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

 

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սոֆիայի տեխնոպարկ (Sofia Tech Park), որի գործունեությունն ուղղված է նորաստեղծ ձեռնարկությունների, փոքր և միջին բիզնեսի, գիտության, կրթության և նորարարությունների զարգացմանը։

 

Բուլղարիայի Առևտրաարդյունաբերական պալատի գործունեությանը ծանոթանալու շրջանակում նախագահ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պլովդիվի ազատ գոտի (Plovdiv Free Zone), որը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ այն ընկերություններին, որոնք Պլովդիվի ազատ գոտին օգտագործում են որպես իրենց գործունեության կենտրոնակայան