Արմինֆո. «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել «ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի մի շարք փողոցների բարեկարգում» ենթածրագիրը, որի նպատակն է նպաստել գինու փառատոնը սպասարկող բարեկարգ փողոցների ընդլայնմանը:
Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, նախատեսվում է իրականացնելով հետևյալ աշխատանքները. ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի փողոցների բարեկարգում, կոյուղագծի կառուցում և մաքրման կայանի հիմնում։ Այս ամենը կնպաստի նաև համայնքի բնակիչների բարեկեցությանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանն ու գրավիչ միջավայրի ապահովմանը։
Ներկայումս ընթանում են նախագծման աշխատանքները, և շինարարությունը կավարտվի 2024թ․
«Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի բովանդակության պատասխանատուն ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն է, իսկ ծրագրի իրականացնողը՝
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:
Նշենք, որ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագիր մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 68.7 մլն դոլար, նախատեսում է քաղաքային և գյուղական համայնքների, պատմամշակութային վայրերի բարեկարգում, զբոսաշրջային սպասարկման կենտրոնների, զբոսաշրջային երթուղիների ճանապարհների ստեղծում, մատչելիության ապահովում, տեխնիկական աջակցություն: Ծրագիրը հատուկ նշանակություն կունենա տարածաշրջանային զբոսաշրջային ներուժի զարգացման հարցում։ Հայաստանը Համաշխարհային բանկի անդամ է 1992 թվականից ։ Ընդհանուր առմամբ, ՀԲ-ը Հայաստանին տրամադրել է շուրջ 2.3 մլրդ դոլարի միջոցներ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով, որոնց մեկ երրորդը ծախսվում է բյուջետային դեֆիցիտի փոխհատուցման, և ևս մեկ երրորդը ՝ ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման համար: