
Արմինֆո. Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 28-ին հրավիրել էր «Հայաստան. կառուցողական կապիտալի նախադրյալների ամրապնդումը որպես զարգացման հնարավորություն» կլոր սեղանը:
Կլոր սեղանը նպատակ էր հետապնդում հնարավոր շահակիցների հետ համատեղ ջանքերով գտնել Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը միտված նոր ուղիներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն ներգրավել ներդրումներ, այլև պահպանել դրանք:
Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին այն հիմնական գործոնները, որոնք ազդում են Հայաստանի տնտեսություն կառուցողական կապիտալի ներթափանցման վրա. կապիտալի, որն աջակցում է շուկայական ինստիտուտների կայացմանը, օրենքի գերակայությանը և ներառական տնտեսությանը, բարեվարքության հիմքով խթանում է լավ կառավարման սկզբունքներ, թափանցիկությունը և հաշվետվողականությունն ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում:
Կլոր սեղանում ներկայացված մարտահրավերների և առաջարկությունների համար հիմք է հանդիսացել Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (www.cipe.org) աջակցությամբ իրականացված որակական հետազոտությունը:
Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաիմաստավորման և դրանում ներդրումների որակի վերաբերյալ, հատկապես կառուցողական կապիտալի դրական նախադրյալներն ամրապնդող ընկալումները ուժեղացնելու նպատակով կլոր սեղանի մասնակիցները կարևորեցին` իրազեկման, տեղեկատվա-բացատրական արշավների դերը, ներդրումային քաղաքականության կիրարկման հնարավորությունը մեծացնելու համար շահակիցների ներառականության ապահովումը, Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրը ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխանեցնելու ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը, գործարար հատվածում կորպորատիվ կառավարման լավ պրակտիկայի խրախուսումը, երկրի ներդրումային միջավայրի մրցունակությունը պահպանելու տեսանկյունից միջազգային, հատկապես` ESG ներդրումներով պայմանավորված հնարավորությունների ինտեգրումը Հայաստանի ներդրումային քաղաքականությանը:
Նշենք, որ կառուցողական կապիտալի հայեցակարգը մշակվել է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) և Oxford Analytica հիմնադրամի կողմից և հայերեն թարգմանվել Կորպորատիվ կառավարման կենտրոնի (CGC) կողմից։ Կառուցողական կապիտալը ֆինանսական հոսքերն են, որոնք լավ կառավարվում են ինչպես ֆինանսավորման աղբյուրում, այնպես էլ նպատակակետում:
Կառուցողական կապիտալն աջակցում է շուկաներին և օրենքի գերակայությանը, խթանում թափանցիկությունը և բարելավում է կառավարումը` կառավարությունների վրա դնելով մասնավոր հատվածի համար հավասար պայմաններ ապահովելու պատասխանատվությունը:
Կառուցողական կապիտալը աջակցում է ներառական տնտեսության, շուկայական ինստիտուտների կայացմանը և լավ կառավարման զարգացմանը, այդ թվում` գործարար վարքագծի չափորոշիչների բարձրացմանը:
Կա նաև քայքայիչ կապիտալ հասկացությունը։ Տվյալ դեպքում խոսքը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ֆինանսական հոսքերի մասին է, որոնք չեն բնութագրվում թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ և շուկայական ուղղվածությամբ։ Ներդրումների այս տեսակը խաթարում է վստահությունը շուկայական ինստիտուտների նկատմամբ, թուլացնում է օրենքի գերակայությունը և խթանում է ոչ թափանցիկ բիզնես պրակտիկան: Քայքայիչ (կործանարար) կապիտալը հիմնարար սպառնալիք է ժողովրդավարության և ներառական շուկաների համար: Այն խաթարում է կառուցողական կապիտալի ներգրավումը, ստեղծում է թունավոր բիզնես միջավայր, որը խեղդում է տեղական բիզնեսի նորարարությունը, նվազեցնում է հավասարությունը և խոչընդոտում զարգացման հեռանկարներին:
Կլոր սեղանը կանցկացվի հոկտեմբերի 28-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում ժամը 11.00-ին։