Արմինֆո. 2022 թվականը Հայաստանը, հնարավոր է, կավարտի ռեկորդային 13-14 տոկոս տնտեսական աճով։ Սակայն, քանի որ աճը պայմանավորված է ՀՀ-ում ռուսական ռելոկանտների և կապիտալի ներհոսքով, 2023 թվին աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տնտեսական աճը կարող է չհասնել ինչպես կառավարության 2021-2026թթ. ծրագրով, այնպես էլ գալիք տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված բաղձալի 7 տոկոսին։
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Հիշեցնենք, որ 2023թ. բյուջեի նախագծում ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 11 տոկոսի մակարդակում, թեեւ, Ֆինանսների նախարարը, վկայակոչելով 9 ամսվա տվյալները, ավելի մեծ աճ է կանխատեսում, իսկ հաջորդ տարի սպասվում է 7 տոկոս աճ: Այսպես, ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2022թ. հունվար-սեպտեմբերին արագացել է մինչև տարեկան 14,1% (նախորդ տարվա 4,4% - ից) ՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման բարձր աճով։ Տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորել է ծառայությունների ոլորտը՝ 27,1% - ով, փոքր-ինչ պակաս՝ էներգահամալիրը՝ 16,9% - ով, առևտրի ոլորտը՝ 14,5% - ով, շինարարության ոլորտը՝ 14,3% - ով, և, նույնիսկ, արդյունաբերական ոլորտը երկնիշ աճ է գրանցել՝ 10%։ Միայն ագրոհատվածում է անկում դդդիտվալ՝ 0,7 տոկոսով։ Միևնույն ժամանակ, գնաճը շարունակվում է. 2022թ. հունվար-սեպտեմբերին 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ այն արդեն հասել է 8,6% - ի, ս. թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ մինչև 9,9%: Ընդ որում, գնաճի տեմպերը զսպելու նպատակով ս.թ. սեպտեմբերին ԿԲ - ն արդեն չորրորդ անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,75% - ից հասնելով 9,5%-ի։ Հնարավոր է, հաջորդ վերանայումն արդեն հեռու չէ։
«Տնտեսությունը մարդիկ են և նրանց աշխատանքի արդյունքը: Ընթացիկ տարում Հայաստանում տնտեսական աճն ապահովել են աշխատող քաղաքացիների, հատկապես, ռուսական ռելոկանտների թվի ավելացումը և մեծ ծավալով դրամական միջոցների ներհոսքը՝ կրկին վերջիններիս հաշվին, ինչը նպաստել է հայկական դրամի արժևորմանը և ՀՆԱ - ի աճին", - հայտարարել է փորձագետը։
Բանկային փոխանցումների ծավալի ավելացումը (2022թ. 8 ամսում ֆիզիկական անձանց անունով ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ստացվել է 2 մլրդ 910,0 մլն դոլար, ինչը 1 մլրդ 569,9 մլն դոլարով կամ 117,1 տոկոսով ավելի է, քան 2021թվին, եւ 1 մլրդ 822 մլն դոլարով կամ 167,5 տոկոսով ավելի՝ քան 2020 թվին) հանգեցրել է նաեւ տարեսկզբից հայկական դրամի գրեթե 20 տոկոս արժեեւորման, այն դեպքում, երբ հարեւան Վրաստանում, որը նույնպես պահանջարկ է վայելում ռուսաստանցիների ռֆեեելոկանտների շրջտանում, 9 ամիսների ընթացքում ազգային արժույթն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեվորվել է 8%-ից մի փոքր ավելի:«Տարեսկզբից ի վեր Կենտրոնական բանկը, սեփական հայտարարության համաձայն, այնքան էլ ակտիվորեն չի միջամտել շուկայում։ Այսօր շուկայում լրացուցիչ միջոցներ են ստեղծվում բանկային համակարգի կողմից։ Հնարավոր է՝ ազգային արժույթի թուլացման համար ԿԲ - ն կարող էր գնալ արժութային ինտերվենցիաների, սակայն դա հղի է գնաճային ճնշման ուժեղացմամբ։ Հայկական դրամի «հզորությունը» զսպելու մեկ այլ եղանակ կարող էր լինել ստերիլիզացման քաղաքականությունը՝ դոլարային ավելցուկներ գնելը և ազգային արժույթի ծավալը մեծացնելը։ Այդ դեպքում դրամն այսօր կարժենար ոչ թե 395 (տարեսկզբի 480-ից), այլ 420-430 դրամ 1 դոլարի դիմաց։ Այնուհետեւ, գնաճային սպառնալիքը զսպելու համար ԿԲ-ը կարող էր թողարկել երկարաժամկետ և կարճաժամկետ արժեթղթեր։ Բայց, քանի որ յուրաքանչյուր քաղաքականություն որոշակի ռիսկեր է պարունակում, միայն ժամանակը ցույց կտա, թե եղանակներից որն է արդարացված», - նշել է Թավադյանը։
Միանշանակ է այն, որ, ինչպես կարծում է տնտեսագետը, տնտեսական աճը պետք է լինի «կայուն, հաստատուն և ապահովված երկարաժամկետ հեռանկարում»։ Հայաստանի տնտեսության համար «բարենպաստ» իրավիճակը կարող է ավարտվել նույնքան անսպասելի, ինչպես սկսվել է։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը, և ռելոկանտների ևշու նրանց կապիտալի վերադարձը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի մակարդակի նվազման։ Եվ այդ դեպքում, եթե ընթացիկ տարին մենք կավարտենք 13-15 տոկոս աճով, ապա 2023 թվականը կփակենք, լավագույն դեպքում, 3-5 տոկոս աճով", - եզրափակել է տնտեսագետը։
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը, ի տարբերություն երկրի կառավարության, ընթացիկ տարում կանխատեսում է 12,9 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023թվականին՝ 4,5 տոկոս։