
Արմինֆո. Իրանի ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին հայտնել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը՝ զարգացնելու Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և ստեղծելու նոր տարանցիկ միջանցք Հայաստանի և Պարսից ծոցի միջև: Այդ մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Ըստ հրապարակման, Ղասեմին այդ հայտարարությունն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում որոշվել է, որ իրանական ընկերությունները Հայաստանի հետ կհամագործակցեն թունելների, ճանապարհների և շենքերի կառուցման գործում:
Հիմնվելով երկու երկրների միջև կնքված համաձայնագրի վրա՝ որոշվել է ավարտել շինարարությունը և սկսել Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը Նորդուզի սահմանից մինչև Թավրիզ, հավելել է նա։
Պայմանավորված այն հանգամանքով, որ Իրանը լավ փորձ ունի շինարարության ոլորտում՝ ի դեմս Ազգային բնակարանային շարժման, իրանական շինարարական ընկերությունները կսկսեն գործունեություն ծավալել Հայաստանում, ասել է Ղասեմին։
Նրա խոսքով ՝ Իրանի հյուսիսով ավելի քան 200 մլն տոննա բեռ է անցնում տարանցմամբ, ինչը կարելի է լավ հնարավորություն համարել երկու երկրների միջեւ տարանցումը զարգացնելու համար, նշել է իրանցի նախարարը:
Ընդգծելով այն փաստը, որ Իրանն աշխարհում ցեմենտի չորրորդ խոշորագույն արտադրողն է, ինչպես նաև արդյունավետ է պողպատի արտադրության ոլորտում, Ղասեմին ասել է, որ իրանական ցեմենտի, պողպատի և շինանյութերի արտադրողները Հայաստանում ավելի ակտիվ կներկայացվեն: