
Արմինֆո.Առաջիկայում շրջանառության մեջ կդրվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի որակյալ մասնագետների համար եկամտահարկի մասնակի սուբսիդավորման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտի ողջ արտադրանքի 90%-ն արտահանվում է արտերկիր, եւ, համապատասխանաբար, իր արտադրանքի դիմաց վարձատրությունը ստանալով դոլարով եւ եվրոյով, ընկերությունները դրամի փոխարժեքի ուժեղացման պատճառով զգալի վնասներ են կրում՝ մինչեւ հասույթի 20-25 տոկոսը: Որոշման այս նախագիծը, ինչպես նշել է միության ղեկավարը, նպատակ ունի կանխել ընկերությունների փակումը կամ տվյալ ոլորտի մասնագետների հնարավոր արտագաղթը, որը շատ կարեւոր է պետության զարգացման համար:
Այստեղ հարկ է նշել, որ խնդրի մասին ահազանգում են նաև ՏՏ ընկերությունների ղեկավարները, որոնք ՀՀ կառավարությունից պահանջում են հրատապ քայլեր ձեռնարկել։ Մասնավորապես, Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության նախագահ Հայկ Չոբանյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում մատնանշել է ընթացիկ տարվա փետրվարից ի վեր հայկական դրամի արժեւորման աննախադեպ տեմպերը։ Նա նշել է, որ հայկական արժույթի արժեւորումը լուրջ նշանակություն ունի ոլորտի համար, քանի որ պատվերների 90 տոկոսը գալիս է արտերկրից, եւ, որպես հետեւանք, վճարում են դոլարով եւ եվրոյով: Արդյունքում՝ Չոբանյանը հաղորդել է, որ որոշ ընկերություններ փակվել են, իսկ մյուսները ստիպված են եղել կրճատել աշխատակիցների թիվը։
Փորձագետների կարծիքով, նույնպիսի աննախանձելի վիճակում են հայտնվել բազմաթիվ տեքստիլ արտադրությունների աշխատակիցներ, որոնք աշխատում են տոլլինգի սկզբունքներով, այսինքն, ձեռնարկության աշխատանքը ներկրվող հումքի վրա, որտեղ արտասահմանյան պատվիրատուները վճարում են բացառապես աշխատակիցների աշխատանքի դիմաց՝ երկարաժամկետ պատվերների համաձայն։
Այսօր ոչ պակաս կորուստներ են կրում նաեւ արտահանող արտադրողները, որոնց հասույթը փոխանակման ժամանակ զգալիորեն նվազել է, քանի որ տարեսկզբից ի վեր դրամի փոխարժեքը դոլարի եւ եվրոյի նկատմամբ ամրապնդվել է գրեթե 20 տոկոսով։