Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2022 13:35
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ակտիվացնել համագործակցությունը տեխնոլոգիական եւ տիեզերական ոլորտներում

Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ակտիվացնել համագործակցությունը տեխնոլոգիական եւ տիեզերական ոլորտներում

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

 

ԲՏԱ նախարարության մամւոլի ծառայության հաղորդման համաձայն, Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է դեսպանին, ընդգծել, որ Հայաստանի և Բրազիլիայի դիվանագիտական հարաբերություններն արդեն 30-ամյա պատմություն ունեն, ինչը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ընդլայնման և խորացման հիմք է հանդիսանում: Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը մեծ ներուժ ունի, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել:

 

Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, որոնք միտված են նպաստելու  տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացմանը։ Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո», «ՔՈԱՖ» և մարզերում գործող այլ տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը,  մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

 

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում նպաստելու տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով ոլորտային փոխշահավետ ծրագրերի իրականացմանը՝ դեսպանն առաջարկել է դիտարկել Բրազիլիայի Գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և կապի նախարարության, Տեխնոլոգիաների և Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտների հետ գործակցության հնարավորությունները։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի,  ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև «Համակարգչային արտակարգ իրավիճակների արագ արձագանքման թիմի» (CERT)  ստեղծման բրազիլական փորձի փոխանակման հնարավորությանը։ 

 

Ռոբերտ Խաչատրյանը և Ֆաբիո Վազ Պիտալուգան պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել ծավալուն քննարկումներ կազմակերպելու, փոխգործակցությունը նոր բովանդակությամբ և տեսլականով զարգացնելու նպատակով: