Արմինֆո.2022թ. երրորդ եռամսյակում օտարերկրացիները Հայաստանում կատարել են անշարժ գույքին առնչվող 1206 գործարք, ինչը 2,9%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Ինչպես վկայում են ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տվյալները, ընդհանուր առմամբ, ոչ ռեզիդենտներին բաժին է ընկել կատարված գործարքների ընդհանուր թվի 9,5%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8,3%-ի դիմաց:
Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում անշարժ գույքին առչնվող գործարքների ընդհանուր թվից մեծ մասը բաժին է ընկել վաճառքին՝ 684, իսկ առքին բաժին է ընկել 446-ը։ Արդյունքում՝ ս. թ. երրորդ եռամսյակում օտարերկրացիների կողմից գնվել է անշարժ գույքի 522 օբյեկտ (319-ը՝ Երևանում)' տարեկան կտրվածքով աճելով 9,4%-ով, իսկ վաճառվել է 740 օբյեկտ (247-ը՝ Երևանում)' տարեկան 7,6% անկումով:
Ընդ որում, օտարերկրացիների կողմից անշարժ գույքի գնման մասով առյուծի բաժինը պատկանում է բնակարաններին՝ 53,3%, որոնց հետեւում են հողերը (19%), առանձնատները (15,1%), ավտոտնակները (8,2%), հասարակական նշանակության շենքերը (3,6%), իսկ ամենացածր տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շենքերի գնմանը (0,8%):
Ինչպես գնման, այնպես էլ վաճառքի դեպքում գերակշռում են բնակարաններին առնչվող գործարքները՝ 37,8%, որոնց փոքր տարբերությամբ հետեւում են հողերը (35,3%), առանձնատները (22,2%), ավտոտնակները (2,6%), հասարակական նշանակության շենքերը (1,8%), իսկ վաճառքի նվազագույն քանակը բաժին է ընկնում արտադրական նշանակության շենքերին (0,4%)։
Հայաստանում առավել ակտիվորեն անշարժ գույք գնում և վաճառում են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Իրանի, եվրոպական եւ ԱՊՀ մի շարք երկրների քաղաքացիները։