
Արմինֆո.Առանց հավակնոտ մոտեցման Հայաստանը "միջին եկամտի ծուղակում" (middle income trap) մնալու ռիսկի է դիմում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ "Այլընտրանքային ներդրումները Հայաստանում" միջազգային համաժողովի ժամանակ։
Նա պարզաբանել է, որ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հիմնական բաղադրիչներն են ինստիտուցիոնալ ներդրողները, ենթակառուցվածքները եւ առաջարկի բաղադրիչը (թողարկողները):
Մասնավորապես, ԿԲ փոխնախագահը նշել է, որ ենթակառուցվածքները հասել են մրցակցային բարձր մակարդակի։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ավելի վաղ Nasdaq բորսան եղել է Հայկական ֆոնդային բորսայի և դեպոզիտարիայի սեփականատերը, իսկ այժմ նրա տեղում հայտնվել է մի խաղացող, որը ներկայացնում է շատ առաջադեմ շուկա Արևելյան Եվրոպայում (Վարշավայի ֆոնդային բորսա - խմբ.): «Եվ այդ ենթակառուցվածքը չի օգտագործվում, քանի որ առաջարկ չկա։ Հիմնական խնդիրը, որը մենք տեսնում ենք տարիների ընթացքում, գործիքների բազմազանությունն է և առաջարկը, որը գալիս է այն բանից, թե ինչ ախորժակ ունեն ընկերությունները կապիտալի կուտակման համատեքստում. արդյոք նրանք նախատեսում են ելք դեպի շուկա, թե, պարզապես ,բիզնեսով են զբաղվում», - նշել է նա:
Երիցյանը հիշատակել է նաև ԵՄ կառույցներից մեկի կողմից շուկաների ուսումնասիրության արդյունքները, ըստ որի, Հայաստանում դրամական միջոցների կուտակման մեծ մասը բանկերի միջոցով վերաբաշխվում է միջին ձեռնարկություններին՝ վարկերի տեսքով։ «Ստարտափների և դրանց միջազգայնացման մասով ֆինանսավորումը մասնատված է։ Եվ եթե այդ բաղադրիչներում չկան գործիքներ, ինչպես նաեւ բիզնես հավակնություններ, մենք մնում ենք "միջին եկամտի ծուղակում", -ընդգծել է նա։
Միաժամանակ, ԿԲ փոխնախագահը հույս է հայտնել, որ կանցկացվեն քննարկումներ, ինչի արդյունքում կհաջողվի փոխել ընկերությունների կապիտալի կառուցվածքը եւ շեշտը դնել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների վրա: Նա նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է առաջարկի բաղադրիչը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
Նշենք, որ միջին եկամտի թակարդն ի հյատ է գալիս այն ժամանակ, երբ երկրի տնտեսության աճը դանդաղում է և, ի վերջո, դադարում է՝ եկամտի միջին մակարդակի հասնելուց հետո: Խնդիրը, սովորաբար, առաջանում է այն ժամանակ, երբ զարգացող երկրները խրվում են մեջտեղում ՝ կապված աշխատավարձերի աճի և գների մրցունակության նվազման հետ, և ի վիճակի չեն մրցակցել ինչպես զարգացած տնտեսությունների հետ ՝ բարձր որակավորմամբ և նորարարությամբ, այնպես էլ ցածր եկամուտներ, աշխատավարձի ցածր մակարդակ և արդյունաբերական ապրանքների էժան արտադրության ունեցող տնտեսությունների հետ: