Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022 18:27
Ալեքսանդր Ավանեսով

Անընդունելի է այլ երկրներից Հայաստան ձուկ ներմուծելու պրակտիկան՝ դրա հետագա արտահանմամբ  այլ պետություններ. տեսչական մարմնի ղեկավար

Անընդունելի է այլ երկրներից Հայաստան ձուկ ներմուծելու պրակտիկան՝ դրա հետագա արտահանմամբ  այլ պետություններ. տեսչական մարմնի ղեկավար

Արմինֆո. Ձկնաբուծության և, հատկապես, ձկան ներմուծման ու արտահանման ոլոտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Այդ մասին ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում:

 

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է ձկան արտահանման, մասնավորապես՝ այլ երկրներից ձուկ ներմուծելու և ապա այն որպես հայկական արտահանելու հետ կապված խնդրի մասին՝ նշելով, որ այդ գործելաոճը հակաօրինական է:

 

Նա շեշտել է, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է և Տեսչական մարմնի կողմից հսկայական ջանքեր են ներդրվում Հայաստանում բուծված ձուկը Եվրամիություն արտահանելու հնարավորությունը մեր տնտեսավարողների համար ապահովելու նպատակով, իսկ ԵԱՏՄ երկրներ արտահանմանը աջակցում է իր գործառույթների շրջանակում նախատեսված բոլոր միջոցներով. «Գործընկեր երկրներում մեր երկրի և սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցի նկատմամբ մեծ վստահություն կա, և ձեր գործունեության նպատակը, բացի շահույթ ստանալը, պետք է լինի նաև պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը արտադրանքի անվտանգության վերաբերյալ, ինչը կամրապնդի վստահությունը», – ասել է նա:

 

Ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները խոսել են արտահանման ժամանակ առաջացող այն խնդիրների մասին, որոնց լուծման համար ակնկալվում է պետական միջամտություն կամ աջակցություն:

 

Նշենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով ՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 38,1 մլն դոլար ընդհանուր գումարի 4,8 հազար տոննա կենդանի, թարմ, պահածոյացված ձուկ և ձկնամթերք։