Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2022 12:44
Նաիրա Բադալյան

Ֆինանսների նախարարությունում քննարկել են Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններն ու ընթացիկ ծրագրերը

Ֆինանսների նախարարությունում քննարկել են Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններն ու ընթացիկ ծրագրերը

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյմբերի 11-ին աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ներկայացուցիչների հետ: ՀԲ պատվիրակությունը գլխավորել են ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը եւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

 

ՖՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները:

 

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը ՀԲ հուսալի գործընկերն է եւ լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով: Նա վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում հասնելու գործընկերային ավելի բարձր մակարդակի:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին եւ ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի եւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի բարելավումներին, առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը: