Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունում երեկ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Ինչպես հաղորդել է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լուոն: Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:
Բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են. ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ փողի ու կապիտալի շուկաների զարգացումը; մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ եւ ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելու համար։
Նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարաժամկետ գործընկերությունը ՝ ձգտելով փոխշահավետ և կառուցողական փոխգործակցության միջոցով հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը: Իրենց կողմից ԶՖԳ ներկայացուցիչները նշել են, որ միշտ պատրաստ են աջակցել Հայաստանի Հանրապետությանը և բարելավել արդեն իսկ հաստատված երկխոսության որակը ՝ նախադրյալներ ստեղծելով երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:
Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը հիմնադրվել է 1998 թվականին եւ հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության ֆինանսական մեխանիզմի երկկողմ զարգացման օպերատորը: Գտնվելով Ֆրանսիայի արտաքին գործերի, Էկոնոմիկայի և ֆինանսների, արտերկրյա տարածքների և ներքին գործերի նախարարությունների ենթակայության ներքո՝ գործակալությունը առևտրային արդյունաբերական պետական հաստատություն է, ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ Ֆրանսիայի արտերկրյա տարածքներում պայքարում է աղքատության դեմ և նպաստում տնտեսական աճին: Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունը ԶՖԳ հետ սկսվել է դեռևս 2012 թվականից ։ ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն, 2021 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ մեր երկրում ԶՖԳ պորտֆելը կազմում է 125.5 մլն եվրո։