Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022 13:28
Մարիաննա Մկրտչյան

Երեւանն ու Թեհրանը շարունակում են ընդլայնել տնտեսական հարաբերությունները

Երեւանն ու Թեհրանը շարունակում են ընդլայնել տնտեսական հարաբերությունները

Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության եւ միջազգային սահմանների անխախտելիության վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 20-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ։

 

Ինչպես հաղորդում է Mehr-ը, բանակցությունների օրակարգում եղել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր: Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի վերջերս Հայաստան կատարած այցին և Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացմանը՝ Սաֆարյանն այդ իրադարձությունները համարել է կարևոր և շրջադարձային պահ երկու երկրների միջև հարաբերությունների համար:

 

Մատնանշելով Իրանի և Հայաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման առկա ներուժը՝ փոխնախարարն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության և դրանց իրականացման ուղղությամբ ջանքերի անհրաժեշտությունը:

 

Ամիր Աբդոլլահիանն, իր հերթին, գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև զարգացող հարաբերությունների առնչությամբ: Նա նաեւ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը գնահատել է որպես գործնական եւ կարեւոր քայլ երկու երկրների համար՝ առեւտրական փոխանակումների ավելացման եւ տնտեսական հարաբերություններում հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: